Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է ռեկորդային 14 միլիարդ դոլարի, ինչը եղել է Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցության շնորհիվ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայտնում է TASS-ը:
«Շնորհիվ այն բանի, որ ԵԱՏՄ-ն հայկական ապրանքներին ազատ մուտք է տրամադրում միության անդամ մյուս երկրների շուկաներ, հայկական արտաքին առևտրային շրջանառությունը, նախևառաջ Ռուսաստանի Դաշնության հետ, հասել է ռեկորդային ցուցանիշների. այժմ [այն] կազմում է 14 միլիարդ դոլար, ինչը երբևէ չի եղել», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
Լավրովը հիշեցրել է, որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է դարձել 2015 թվականին, երբ նրա ՀՆԱ-ն կազմում էր 10,5 միլիարդ դոլար։ Այժմ, ըստ նախարարի, այդ թիվը հասել է 26 միլիարդ դոլարի՝ «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ժամանակահատվածում Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է ավելի քան երկու անգամ»։
«Դժվար է անտեսել այն թվերը, որոնք վերջին 10 տարիների ընթացքում բնութագրում են Հայաստանի տնտեսական զարգացումը», - ընդգծել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։




























