Չինաստանը և Եվրամիությունը գործընկերներ են, այլ ոչ թե մրցակիցներ, և Պեկինն ու Բրյուսելն ունակ են երկխոսության միջոցով կարգավորելու առկա առևտրային տարաձայնությունները, Ֆրանսիայի նախագահի արտաքին քաղաքականության խորհրդական Էմանուել Բոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Յին։

«Չինաստանը և ԵՄ-ն գործընկերներ են, այլ ոչ թե մրցակիցներ, ինչպես վաղուց ապացուցվել է ավելի քան 50 տարվա արգասավոր համագործակցության արդյունքներով։ Երկու կողմերն ունակ են երկխոսության միջոցով համակարգել և կարգավորել որոշակի առևտրային վեճերը»,- ըստ Xinhua գործակալության՝ նշել է Վանը։ Չինաստանի արտգործնախարարը նշել է, որ ներկա «միջազգային անկայունության» պայմաններում Պեկինը և Բրյուսելը պետք է ամրապնդեն վստահությունը և խորացնեն համագործակցությունը։

Վան Յին հույս է հայտնել, որ Ֆրանսիան կշարունակի ակտիվ դեր խաղալ Եվրամիությունում՝ Չինաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների առողջ զարգացմանը նպաստելու համար։ Իր հերթին, Բոննը հաստատել է ռազմավարական հաղորդակցությունը «փոխադարձ վստահության ոգով» ամրապնդելու Փարիզի պատրաստակամությունը:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և Վենեսուելայի ու Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։