Հարավային Օսիայի նախագահի նախկին թեկնածու Ալլա Ջիոեւային փետրվարի 13-ին հանրապետության սոմատիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են ընդհանուր թերապիայի հիվանդասենյակ:

Հաստատության գլխավոր բժիշկը «ՌԻԱ Նովոստիին» հաղորդել է, որ Ջիոեւայի վիճակը զգալի բարելավվել է, բայց նա դեռ պետք է ինտենսիվ բուժում ստանա` հիպերտոնիկ կրիզի հետեւանքները հաղթահարելու համար:

Հիշեցնենք, Ջիոեւան վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել այն բանից հետո, երբ նրան փորձել էին տանել Գլխավոր դատախազություն հարցաքննության: Նրա մոտ հիպերտոնիկ կրիզ էր սկսվել եւ գիտակցությունը կորցրել էր: Որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, որ Ջիոեւան իբրեւ թե ինքնաձիգի կոթով գլխին հարված է ստացել: Հարավային Օսիայի ՆԳՆ ղեկավար Վալերի Վալիեւը հայտարարել է, որ ընդդիմության առաջնորդի նկատմամբ ֆիզիկական ուժ չի գործադրվել, բժշկական զննումը եւս մարմնական վնասվածքներ չի հայտնաբերել:

Կրթության նախկին նախարար Ջիոեւան 2011թ. աշնանը նախագահական ընտրություններին մասնակցել է իբրեւ ընդդիմադիր թեկնածու: Նա ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է, սակայն Գերագույն դատարանը արձանագրված խախտումների պատճառով անվավեր է ճանաչել ընտրությունների արդյունքները: Խորհրդարանը 2012թ. մարտի 25-ին նոր ընտրություններ է նշանակել:

Ջիոեւան խորհրդարանի որոշումը համարել է անօրինական եւ հայտարարել փետրվարի 10-ին որպես երկրի նախագահ իր երդման արարողության անցկացման մասին: Սակայն Ջիոեւայի նախընտրական շտաբ են այցելել իրավապահ մարմինների աշխատակիցները, որպեսզի ստիպողաբար նրան հարցաքննության տանեն` Հարավային Օսիայի ԿԸՀ-ի շենքը գրավելու փորձի գործով իբրեւ վկա: