Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղի հարցում ավելի տեղեկացված է, քան` Դմիտրի Մեդվեդեւը, եւ նրա մոտեցումները ավելի իրատեսական են: Այսօր` փետրվարի 13-ին, մամլո ասուլիսում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով` ՌԴ գործող վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում կարելի է բնութագրել հետեւյալ կերպ. պատերազմ թույլ չտալ, բայց եւ չխոսել շուտափույթ կարգավորման մասին: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնած հանդիպումների կապակցությամբ քաղաքագետը նշել է, որ նախաձեռնությունը դրական էր, բայց, օրինակ, Կազանի հանդիպումից առաջ Մեդվեդեւը շատ մեծ լավատեսություն է ցուցաբերել, ինչը, ըստ քաղաքագետի, բացատրվում է նրա ոչ բավարար տեղեկացվածությամբ: Այս առումով Վլադիմիր Պուտինի վերադարձը նախագահի պաշտոնին դրական կլինի Հայաստանի համար, նշել է քաղաքագետը: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հարցում ՌԴ նախաձեռնողական պահվածքին, ապա, ըստ Ստեփան Գրիգորյանի, Ռուսաստանը մտադիր չէ իր դերից հրաժարվել, Պուտինի օրոք եւս հանդիպումները կշարունակվեն:

Պատասխանելով այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչման հնարավորության մասին հարցին` քաղաքագետը նշել է, որ շատ երկրներ առաջին հերթին ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ Հայաստանն ինքը դեռեւս չի ճանաչել ԼՂՀ-ն:

Թեպետ ԼՂՀ-ի ճանաչման որոշակի քարոզչություն տարվում է արտերկրում: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո անկախ է, եւ առայժմ խաղաղ կարգավորման հնարավորությունները չեն բացառվում: Ուժային լուծման սպառնալիքի դեպքում Հայաստանն ազատ է իր գործողություններում: