Դուբայ-Երեւան չվերթն իրականացնող օդանավը վերադարձել է Երեւան: Նշենք, որ եղանակային վատ պայմանների հետեւանքով, օդանավը հարկադրված էր եղել վայրէջք կատարել իրաքյան Էրբիլ քաղաքի օդանավակայանում, եւ Հայաստան է վերադարձել փետրվարի 11-ին ժամը 20:10-ին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտնել է «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության նախագահ Վաչագան Սարկիսյանը` նշելով, որ ինքնաթիռում եղել են 140 ուղեւոր:

Սարկիսյանի խոսքով, օդանավը տեխնիկական վայրէջք է կատարել իրաքյան Էրբիլ քաղաքում, որպեսզի վառելիք վերցնի եւ սպասի եղանակի լավացմանը. «Սակայն այն պահին, երբ տեղեկություն է ստացվել, որ Երեւանի եղանակային պայմանները բարենպաստ չեն անվտանգության առումով, որոշում է կայացվել  ինքնաթիռը ուղարկել ետ` Դուբայ»:

Դուբայ վերադառնալուց հետո ուղեւորների մի մասը քաղաք է գնացել, մյուս մասը մնացել է օդանավակայանում: «Յուրաքանչյուր 4 ժամը մեկ ուղեւորներին սնունդ են մատակարարել եւ տեղեկություններ հաղորդել, ինչպես նաեւ զանգեր կատարելու հնարավորություն են ընձեռել: Ավիաընկերության աշխատակիցները եւս գտնվել են ուղեւորների հետ, որպեսզի ընթացքում լուծեն ծագած խնդիրները»,-ասել է Սարկիսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ավիաընկերությունը բողոք է ստացել ուղեւորներից Երեւան վերադառնալուց հետո, նա նշել է. «Ինքնաթիռւ վայրէջքը տեխնիկական բնույթ էր կրում` ելնելով օդանավի եւ իհարկե, ուղեւորների անվտանգությունից:

Եղանակային նման անբարենպաստ պայմանների դեպքում, իրաքյան Էրբիլ քաղաքի օդանավակայանը դարձել է այլընտրանքային տարբերակ»:

Սարկիսյանը նաեւ վստահեցրել է, որ օգնություն է տրամադրվել նաեւ Երեւանից-Դուբայ չվերթի ուղեւորներին: «Այն ուղեւորները, ովքեր ցանկանում էին ետ վերադարձնել տոմսերը, նման հնարավորություն ընձեռվել է, ընդ որում տոմսի ամբողջ գումարը նրանք ետ են ստացել: Այն ուղեւորները, ովքեր ցանկանում էին հետաձգել թռիչքի օրը, եւ նման հնարավորություն է ընձեռվել: Հայաստանում տրանզիտային ուղեւորներին եւս քնելու տեղ է տրամադրվել»,-ասել է նա: