Բնապահպանական կազմակերպությունների բողոքի ակցիաների ճնշման ներքո դադարեցվել են շինարարական աշխատանքները Մաշտոցի այգում: Հիշեցնենք, որ այդտեղ պետք է տեղադրվեին Աբովյան փողոցի ապամոնտաժված կրպակները: Այգում արդեն իսկ տեղադրված են մի քանի կրպակների կարկասներ:

Սակայն այսօր` փետրվարի 13-ին, կրպակների սեփականատերերից մեկը բեռնատարով հանել է շինարարական պարագաների մի մասը:

Բնապահպանական ակտիվիստները NEWS.am-ին տեղեկացրին, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել, որն, ամենայն հավանականությամբ, կկայանա վաղը:

Այգու կիսավարտ «կրպակներից» մեկում մեկնարկել է լուսանկարիչ Հայկ Բիանջյանի ֆոտոցուցահանդեսը, ուր  ներկայացված են հին Երեւանի օրեցօր պակասող գեղեցիկ տեսարանները: Ակտիվիստները երեւանցիներին են բաժանում թռուցիկներ, անցկացվում է ստորագրահավաք, պլանավորվում են համերգներ: