Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` փետրվարի 13-ին, շարունակվել է Կարեն Արայանի դատավարությունը: Վեջինս մեղադրվում է իր նախկին ընկերուհու` «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարները համացանցում տեղադրելու մեջ:
Դատավարությունը` դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ, ընթանում է դռնփակ, քանի որ նիստի ընթացքում կարող են անձնական բնույթի տեղեկություններ հրապարակվել: Այսօրվա նիստին ներկայացել է նաեւ Անժելա Սարգսյանը, ով, սակայն, մեկ ժամ շուտ էր ներկայացել դատարան` լրագրողների հարցերից խուսափելու համար: Ըստ ականատեսների, Անժելա Սարգսյանը ժամանել է միայնակ, առանց նախկին ամուսնու` Ղազար Ավետիսյանի ուղեկցության: Վերջինս տվյալ գործով անցնում է որպես վկա:
Անժելա Սարգսյանի փաստաբան Արթուր Ղարիբյանը NEWS.am-ին հայտնեց, որ այսօրվա նիստում ցուցմունք է տվել միայն գործով տուժող Անժելա Սարգսյանը, ով «հանգիստ տոնով պնդել է, թե հենց Արայանն է տարածել այդ լուսանկարները»: Ըստ փաստաբանի, Անժելա Սարգսյանի հարցաքննությունն ավարտվել է, սակայն «պաշտպանական կողմը ցանկացած պահի կարող է հարցեր ուղղել տուժողին»: Այսօր այլ դատակոչված անձինք չէին ներկայացել, եւ Անժելայի հարցաքննությունից հետո դատավորը հետաձգել է նիստը մինչեւ մարտի 5-ը:
Նշենք, որ 2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել էր կալանքի որոշումը:
Սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են եղել: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` ոմն Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ:




























