Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առաջարկներ ներկայացնել վարչական շրջանների կենտրոնական հատվածներում Հայաստանի նոր դրոշների տեղադրման կոնկրետ վայրերի վերաբերյալ:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետը հանձնարարել է նաեւ գույքագրել քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատությունների ՀՀ դրոշները եւ փոխարինել դրանք նորերով:

Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ Երեւանում գույքագրված են վերանորգման աշխատանքներ պահանջող թունելներն ու տրանսպորտային ուղեանցները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է կազմել դրանց վերանորգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաղթերը:

Մայրաքաղաքի փողոցներում, բնակելի շենքերի մուտքերում եւ բակերում իրականացվող ապօրինի առեւտրի կանխարգելման աշխատանքների հետ կապված առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ անցյալ շաբաթվա ընթացքում ընդհանուր առմամբ կազմվել է 55 վարչական արձանագրություն: Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանման պատասխանատուին հայտարարվել է նկատողություն` վերը նշված աշխատանքները վատ կազմակերպելու համար:

Անդրադառնալով սեփական եկամուտների` մասնավորապես աղբահանության վարձավճարների հավաքագրման գործընթացին, քաղաքապետը նշել է, որ հավաքագրման ցուցանիշը գոհացուցիչ չէ եւ վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է բնակիչների եւ տնտեսվարողների հետ բացատրական աշխատանքներ տանել, քանի որ հունվարի 1-ից աղբահանության վճարը` որպես տեղական վճար, պարտադիր ենթակա է վճարման: Յուրաքանչյուր ամսվա վճարման ժամկետը սահմանված է մինչեւ հաջորդ ամսվա 15-ը ներառյալ: Սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում աղբահանության վճար վճարողը վճարելու է նաեւ համապատասխան տույժ: