Եվրամիությունը կձգտի մինչև 2027 թվականի վերջ ավարտել Ուկրաինայի հետ համայնքին անդամակցելու շուրջ բանակցությունները՝ չնայած Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի միջև առկա տարաձայնություններին։ Այս մասին գրում է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով դիվանագետներին։

Ըստ նրանց տեղեկությունների՝ ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցությունը նախատեսող գաղափարը մերժվել է, սակայն դաշինքի երկրները կենտրոնացնելու են ջանքերը երկարաժամկետ ռազմավարության վրա։ Եվրամիության առաջիկա երեք նախագահությունների ընթացքում ջանքերն ուղղվելու են նոր անդամների ինտեգրման գործընթացի առաջմղմանը՝ նպատակ ունենալով մինչև 2027 թվականի վերջ ավարտին հասցնել Ուկրաինայի շուրջ բանակցությունները, գրում է թերթը։

Այնուամենայնիվ, չնայած Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի աջակցությանը, նրա ակտիվ դիվանագիտական աշխատանքի շարունակությունը մտահոգություն է առաջացնում ԵՄ մի շարք երկրներում, նշում է պարբերականը։ Որոշ դիվանագետներ զգուշացնում են, որ անհրաժեշտ է խուսափել Եվրահանձնաժողովի ձեռքում իշխանության չափազանց կենտրոնացումից։