Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) անդամ երկրները կարող են անհրաժեշտության դեպքում իրենց ռազմավարական պաշարներից լրացուցիչ ծավալներ վաճառահանել՝ անցյալ շաբաթ հայտարարված 400 միլիոն բարելից ավելի։ Դրա մասին հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը:
Բիրոլը նշել է, որ անցյալ շաբաթ հայտարարված վաճառահանումը «ժամանակավոր բուֆերի» դեր է խաղացել, որը նպաստել է նավթի գների աճի զսպմանը։ Նա ընդգծել է, որ նույնիսկ այդքան մեծ վաճառահանումից հետո նավթի պաշարներում զգալի քանակություն կա։ Դա նշանակում է, որ անդամ երկրները կարող են անհրաժեշտության դեպքում դիմել իրենց պաշարների լրացուցիչ օգտագործմանը։
ՄԷԳ-ի ղեկավարը նշել է, որ անդամ երկրները դեռևս ունեն մոտավորապես 1,4 միլիարդ բարել ռազմավարական և արդյունաբերական պաշարներ, որոնք հասանելի են կառավարություններին։
Բիրոլը ընդգծել է նաև, որ Հորմուզի նեղուցով լցանավերի նավարկության վերսկսումը կարևոր կլինի նավթի և գազի կայուն մատակարարումների վերականգնման առումով։
Իրանի հետ պատերազմից առաջ համաշխարհային տնտեսությունը օրական սպառում էր մոտավորապես 101 միլիոն բարել նավթ։ Ներկայում Brent հում նավթի գինը գերազանցում է 100 դոլարը մեկ բարելի համար։





























