Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները շարունակվում են՝ սրելով լարվածությունը տարածաշրջանում և մտահոգություններ առաջացնելով միջազգային հանրության շրջանում: Երկու կողմերի կողմից իրականացվող ռազմական հարվածներն ու պատասխան գործողությունները շարունակում են ազդել ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև համաշխարհային տնտեսական իրավիճակի վրա:
NEWS.am-ը ներկայացնում է երեքշաբթի երեկոյան Մերձավոր Արևելքում տեղի ունեցած հիմնական իրադարձությունների համառոտ ակնարկը:
Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը կեղծ է որակել այն պնդումը, որ ԱՄՆ-ն պատրաստ չէր իրանական անօդաչու թռչող սարքերի սպառնալիքներին, երբ սկսեց իր ռազմական գործողությունը: «Մենք բացարձակապես պատրաստ էինք այս մարտին: Հակառակը ենթադրելը լիակատար հորինվածք է», - ասել է Պենտագոնի խոսնակը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունը վերջին օրերին լիարժեքորեն իրականացվել է, և որ պատերազմի սկսվելուց ի վեր Վաշինգտոնը հարվածել է ավելի քան 7000 թիրախի և խորտակել բազմաթիվ նավեր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է Չինաստանին մեկ ամսով հետաձգել իր այցը Պեկին և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ապրիլի սկզբին նախատեսված գագաթնաժողովը՝ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով:
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռագիր է ուղարկել աշխարհի տարբեր ամերիկյան դիվանագիտական առաքելություններին և հյուպատոսություններին, որում կոչ է անում երկրներին համատեղ գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ, հաղորդում է ABC News-ը՝ հղում անելով հեռուստաալիքի կողմից ձեռք բերված փաստաթղթին։
ԱՄԷ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է երկրի օդային տարածքի լիակատար փակման մասին։ Վարչությունը փակումը որակել է որպես «բացառիկ նախազգուշական միջոց», որը նպատակ ունի ապահովել թռիչքների և ինքնաթիռների անձնակազմերի անվտանգությունը, ինչպես նաև պաշտպանել երկրի տարածքը «արագ փոփոխվող տարածաշրջանային անվտանգության զարգացումների» պայմաններում։
Իրանի արտաքին գործերի նախարարը հերքում է, որ պատերազմի սկսվելուց ի վեր խոսել է Վիտկոֆի հետ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի հետ իր վերջին շփումը տեղի է ունեցել մինչև ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունների սկսվելը։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը AFP-ին տված հարցազրույցում ասել է, որ Եվրոպան պետք է աջակցի լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման դեմ պայքարին։ Նա ասել է, որ Իրանի դեմ գործողությունը շրջադարձային կետ էր ամբողջ տարածաշրջանի համար։





























