Իսրայելը հարվածել է Կասպից ծովում իրանական հրթիռային մոտորանավակներին՝ վնասելով ավելի քան հինգ նավ, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային։
«Իսրայելը հարվածել է Կասպից ծովում իրանական հրթիռային մոտորանավակներին, հայտնել է իսրայելցի պաշտոնյան: Հարվածների հետևանքով վնասվել է ավելի քան հինգ նավ»,- գրել է Ռավիդը սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածներն ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմաբազաների վրա։
Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հըզբոլլահը» ևս մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։




























