Հնդկաստանը վեց-յոթ ռազմանավ է ուղարկել Հորմուզի նեղուց՝ իր լցանավերին ուղեկցելու համար տարածաշրջանում լարվածության սրման ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին: Նավերը կտեղակայվեն նեղուցից արևելք և չեն մտնի ջրային ուղի՝ նավերն ուղեկցելով դեպի Արաբական ծովի հյուսիսային անվտանգ ջրեր: Գործողությունը 2019 թվականին մեկնարկած «Սանկալպ» առաքելության շրջանակում է՝ ուղղված առևտրային նավագնացության անվտանգությունն ապահովելու և Պարսից ծոցում Հնդկաստանի ծովային շահերը պաշտպանելու համար:
Վերջին օրերին Հնդկաստանն արդեն ապահովել է երկու պետական սեփականության հեղուկ բնական գազ տեղափոխող լցանավերի անվտանգ տարանցումը և բանակցություններ է վարում Իրանի հետ՝ վառելիք տեղափոխող ևս մի քանի նավերի անցման համար, հաղորդում է գործակալությունը:
Կառավարության պաշտոնյաների տվյալներով՝ Պարսից ծոցում մնացել են Հնդկաստանի դրոշի ներքո գտնվող 22 նավեր, դրանց թվում՝ գազ տեղափոխող վեց և նավթ տեղափոխող չորս նավ: Անցյալ շաբաթ վարչապետ Նարենդրա Մոդին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, դրանց թվում՝ նավերի անարգել անցումն ապահովելու ուղիները։
Ընդ որում, ինչպես նշում է Bloomberg-ը, Նյու Դելին ուղղակիորեն չի արձագանքել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչին, որն ուղղված էր այլ երկրներին ռազմանավեր ուղարկել նեղուց։ Հնդկաստանի ԱԳՆԲ ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսալը հայտարարել է, որ այդ հարցը «ԱՄՆ-ի հետ երկկողմանիորեն չի քննարկվել»։





























