Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 19–ի նիստում որոշում կայացրեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 350 մլն դրամ հատկացնել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ–ին։

Հիմնավորման մեջ նշվում է. «2026–ի մայիսին Երևանում նախատեսվում է անցկացնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, այս  նպատակով «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն իրականացրել է առկա շինությունների և ենթակառուցվածքների խնդիրների գույքագրում։ Ըստ այդմ, աշխատանքների նախագծանախահաշվային արժեքը կազմել է 738 մլն 917 հազար դրամ։

Նախագծանախահաշվային փաստաթղթերի հիմքով մրցույթի հաղթող է ճանաչվել «ԲԻԴԵՔ» ՍՊԸ-ն՝ ներկայացնելով 573 մլն 423 հազար դրամ գնային առաջարկ։

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն գրությամբ դիմել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ նշված գնման գործընթացի շրջանակներում ֆինանսական միջոցներ տրամադրելու համար։

Վարչապետի աշխատակազմի և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի միջև քննարկումների ժամանակ պարզ է դարձել, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի պատշաճ անցկացման համար հրատապ պահանջվող գումարը կազմում է 350.0 մլն.դրամ, ինչը  անհրաժեշտ է տրամադրել սեղմ ժամկետներում՝ աշխատանքները մինչև 2026 թվականի մայիսի 4-ը ավարտելու համար։

Հանձնարարվել է Վարչապետի աշխատակազմ ներկայացնել ՀՀ կառավարության որոշման նախագիծ՝ 2026թ. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ին շուրջ 350 մլն. դրամի հատկացման վերաբերյալ:

Նշենք, որ «ԲԻԴԵՔ ՍՊԸ»-ն պատկանում է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) որդուն՝ Դավիթ Սեդրակյանին։ Դավիթ Սեդրակյանը  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր էր, սակայն կարճ ժամանակ անց՝ 2021 թվականի հոկտեմբերի 29-ին մանդատը վայր դրեց՝ հայտարարելով, որ մանդատից հրաժարվում է ոչ քաղաքական պատճառներով։

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին Սեդրակյանների ընկերությունը պետական և տեղական բյուջեների հաշվին բազմաթիվ պատվերներ է կատարել շինարարության ոլորտում։

Մայիսի 4-ին Հայաստանում կանցկացվի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Այդ օրը ՀՀ կառավարության որոշմամբ ոչ աշխատանքային է, փոխարենն աշխատանքային է լինելու ապրիլի 18-ի շաբաթ օրը։