Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 19–ի նիստում հանրության գերակա շահ ճանաչեց Վայոց ձորի մարզի Հորս բնակավայրի «Բնակելի տուն. իշխան Չեսար Օրբելյանի ապարանքը (Չեսարի դարպաս)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի զբաղեցրած տարածքի, կից հողամասերի և գույքերի նկատմամբ։

Նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել հուշարձանը:

Նշենք, որ Չեսար Օրբելյանի իշխանական պալատը (ապարանքը) գտնվում է ՀՀ Վայոց ձորի մարզի Հորս գյուղի կենտրոնում։ Հորս գյուղը եղել է միջնադարյան Հայաստանի նշանավոր իշխանական տոհմերից մեկի՝ Օրբելյանների նստոցը։ Այստեղ գտնվում են 13-14-րդ դդ․ Հայաստանի քաղաքացիական ճարտարապետության պահպանված լավագույն նմուշներից մեկը համարվող պալատական համալիրի և եկեղեցու ավերակները, իշխանաց իշխան Լիպարիտի որդի Չեսար Օրբելյանին և նրա կնոջը՝ հայոց և վրաց ամիրսպասալար, իշխան Մեծ Սարգիս Զաքարյանի թոռնուհի Խորիշահ իշխանուհուն հիշատակող արձանագրություններ:

Չեսար Օրբելյանը նաև շինարար էր և գործարար և հավանաբար նա է XIV դ․ սկզբին կառուցել Հորս գյուղի իշխանական պալատը: 1326 թ․ պալատի մոտ կառուցել է միանավ եկեղեցի, իսկ 1332 թ․ Վարդենյանց լեռնանցքի բարձունքին՝ տնտեսական մեծ նշանակություն ունեցող Մետաքսի ճանապարհային համակարգի Դվին-Պարտավ ճանապարհին՝ քարավանատուն։

Ապարանքը իր զբաղեցրած և սպասարկան համար անհրաժեշտ հողատարածքներով, հաշվառված են քաղաքացիների և իրավաբանական անձի (համայնքի) անվամբ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով 2024–ին իրականացվել են պեղումներ, ինչպես նաև մշակվել է  Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգման և տարածքի բարեկարգման նախագիծ (8.789.000 ՀՀ դրամ):

Հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում կներառվեն այն հողամասերը, որոնք կապահովեն հուշարձանի հետագա պահպանությունը,վերականգնումն ու կենսագործունեությունը:

Այս որոշումը ՀՀ պետական բյուջեում առաջացնում է լրացուցիչ ծախս սեփականատիրոջ գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու պահանջով՝ օտարվող գույքի գնահատման արդյունքում հաշվարկված շուկայական արժեքի չափով: