Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Արսի-սյուր-Օբ փոքրիկ քաղաքն անսպասելիորեն դարձել է սոցցանցերի ֆրանսիական տիրույթի իսկական «աստղը»։ Պատճառը կիրակի օրը կայանալիք քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլն է, ավելի ստույգ՝ թեկնածուների ազգանունները։
Քաղաքապետի աթոռի համար կպայքարեն գործող քաղաքապետ Շարլ Հիտլերը (Charles Hittler) և նրա երիտասարդ մրցակից Անտուան Ռենո-Զելինսկին (Antoine Renault-Zielinski)։ Քաղաքապետի երրորդ թեկնածուն Աննի Սուկան է (Annie Soucat):
«Սա իսկական խենթություն է։ Ես ողջ կյանքս ժամանակ առ ժամանակ կատակներ եմ լսում ազգանվանս հասցեին։ Երբեմն նախընտրական պաստառներիս վրա բեղեր էին նկարում, բայց դա դեռ ոչինչ։ Հիմա ամեն ինչ չափն անցել է։ Համացանցում հոդվածներ տեսա, թե իբր Արսիի բնակիչների 37%-ը «հիտլերականներ» են։ Կինս լաց է լինում»,- BBC-ի հետ զրույցում նշել է Շարլ Հիտլերը։
Սոցցանցերի ֆրանսիական տիրույթը ողողված է Ադոլֆ Հիտլերի և Վլադիմիր Զելենսկու «մենամարտի» մասին կատակներով։
«Նախնիներս Էլզասից են, հայրս այնտեղ հովիվ էր։ Պատերազմի ժամանակ նրան տարել են Գերմանիա՝ աշխատանքի»,- բացատրում է Հիտլերը։
Մաքսային ծառայող Անտուան Ռենո-Զելինսկին Արսի է տեղափոխվել վերջերս։ Ազգանվան երկրորդ մասը նա ժառանգել է լեհ մորից։ «Ինձ հաճախ են հարցնում՝ արդյոք Զելենսկու ազգականը չեմ, ինչին ստիպված եմ լինում բացասական պատասխան տալ»,- BFMTV հեռուստաալիքին պատմել է Զելենսկին։
«Ես հասկանում եմ, թե ինչու է սա մարդկանց զվարճալի թվում։ Անձամբ ինձ համար ծիծաղելի չէ, բայց և չի անհանգստացնում։ Լավ կլիներ, որ մարդիկ Արսիի մասին խոսեին այլ պատճառներով, բայց այսպես գոնե մենք հայտնվեցինք «քարտեզի վրա»»,- ասել է քաղաքապետի թեկնածուն։





























