ԱՄՆ վարչակազմը հաստատել է 23 միլիարդ դոլարի զենքի վաճառքը Մերձավոր Արեւելքում իր դաշնակիցներին, տեղեկացրել է The Wall Street Journal թերթը։
Թերթի տվյալներով՝ այն ներառում է ռազմական տեխնիկայի վաճառք ԱՄԷ-ին, Քուվեյթին եւ Հորդանանին։ Ավելի վաղ պետդեպարտամենտը հայտնել էր 16 միլիարդ դոլարի վաճառքի հաստատման մասին, ներառյալ ԱՄԷ-ի համար նախատեսված հակաօդային պաշտպանության համակարգերը եւ ռումբերը, ինչպես նաեւ Քուվեյթի համար նախատեսված հակաօդային պաշտպանության սարքավորումները։
Ի հավելումն այդ գումարի՝ պարբերականը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը նաեւ հաստատել է մոտ 7 միլիարդ դոլարի զենքի վաճառքը ԱՄԷ-ին։ Այն ներառում է մոտ 5.6 միլիարդ դոլար արժողությամբ PAC-3 Patriot հրթիռներ, ինչպես նաեւ մոտ 1.32 միլիարդ դոլար արժողությամբ CH-47 Chinook ուղղաթիռներ։ Պարբերականը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները պարտավոր չեն հանրությանը հրապարակայնորեն հաղորդել այս փաթեթի մասին, քանի որ այն լրացնում է արդեն հաստատված զենքի մատակարարմանը։
Նշվել է, որ ԱՄՆ վարչակազմը զենքի վերահսկողության օրենքներում օգտագործում է արտակարգ դրության կետեր՝ ԱՄԷ-ին խոշոր ռազմական տեխնիկայի մատակարարումների վերաբերյալ Կոնգրեսի հաստատումից խուսափելու համար։ Մասնավորապես, ԱՄՆ կառավարությունն օգտվել է նման դրույթից՝ THAAD (Terminal High Altitude Area Defense) հակահրթիռային պաշտպանության համակարգի համար մոտ 4,5 միլիարդ դոլար արժողությամբ սարքավորումներ մատակարարելու համար։





























