ԵՄ ղեկավարությունն ընդունել է Եվրամիության մասին պայմանագրի 42-րդ հոդվածի 7-րդ կետի՝ ԵՄ անդամ երկրի վրա հարձակման դեպքում փոխադարձ պաշտպանության վերաբերյալ հստակ գործառնական պլան մշակելու անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Բրյուսելում ԵՄ գագաթաժողովից հետո։
Վարչապետի խոսքով՝ նա դրական է համարում այն փաստը, որ Կիպրոսի վրա վերջերս կատարված անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո շատ եվրոպական երկրներ, առաջին հերթին՝ Հունաստանը, շտապեցին օգնության Նիկոսիային՝ առաջարկելով օդային եւ ծովային աջակցություն, ինչը թույլ տվեց Կիպրոսին իրեն լիովին անվտանգ զգալ։ «Ինչպես ասել է Կիպրոսի նախագահ [Նիկոս Քրիստոդուլիդեսը], սա, ըստ էության, ներկայացնում էր Եվրամիության փոխադարձ օգնության վերաբերյալ 42-րդ հոդվածի 7-րդ կետի դե ֆակտո, եթե ոչ դե յուրե կիրառում։ Ես կասեի, որ ե՛ւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ [Ուրսուլա ֆոն դեր Լյայենը], ե՛ւ [ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա] Կալասը, մեր գործընկերների հետ միասին, ճանաչել են լրացուցիչ քայլերի արագ ձեռնարկման անհրաժեշտությունը։ Մասնավորապես՝ մշակել հստակ ճանապարհային քարտեզ՝ ամիսների, այլ ոչ թե տարիների ժամանակային հորիզոնով, որպեսզի ունենանք հստակ գործառնական ծրագիր այն դեպքում, եթե այդ կետը անհրաժեշտ լինի կիրառել, եւ որոշենք, թե ինչ քայլեր ձեռնարկենք՝ կախված սպառնալիքի տեսակից»,- նշել է Միցոտակիսը։
«Ես սա համարում եմ շատ կարեւոր ձեռքբերում մեր հայրենիքի, ինչպես նաեւ Կիպրոսի համար, քանի որ ես պնդել եմ, որ ռազմավարական ինքնավարության շրջանակում անհրաժեշտ է բովանդակություն եւ, կասեի, խորություն հաղորդել փոխադարձ օգնության վերաբերյալ այս շատ կարեւոր կետին»,- ավելացրել է վարչապետը։ Նրա կարծիքով՝ Կիպրոսում տեղի ունեցած վերջին իրադարձությունները դարձել են «հնարավորություն Հունաստանի եւ Կիպրոսի համար՝ շտապ առաջ մղել այս քննարկումն այնպիսի ուղղությամբ, որն, անկասկած, կհամապատասխանի ազգային շահերին»։




























