Եվրամիության (ԵՄ) առաջնորդները պատրաստվում են երկարատեւ ճգնաժամի եւ էներգակիրների գների աճի՝ Կատարի Ռաս Լաֆանում գտնվող էներգետիկ համալիրի դեմ Իրանի գրոհից հետո։ Այս մասին հաղորդել է Bloomberg-ը՝ հղում կատարելով աղբյուրներին եւ քաղաքական գործիչների հայտարարություններին։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ամենամեծ մտահոգությունն է հայտնել նախորդ օրը կայացած ԵՄ գագաթաժողովի ժամանակ։ Նիդեռլանդների վարչապետ Ռոբ Յեթենը նույնպես զգուշացրել է «աղետալի գլոբալ հետեւանքների» մասին, եթե էներգետիկ օբյեկտների դեմ գրոհները շարունակվեն։ «Սա չափազանց մտահոգիչ իրավիճակ է։ Մենք քննարկում ենք բոլոր սցենարները՝ ե՛ւ լավագույնը, ե՛ւ վատագույնը»,- գագաթաժողովից առաջ լրագրողներին ասել է Եվրախմբի (եվրոպայի տնտեսական եւ ֆինանսական հարցերով նախարարների խորհուրդ) ղեկավար Կիրիակոս Պիերակակիսը։
Գործակալությունը նշել է, որ ճգնաժամն ընդգծել է Եվրոպայի խոցելիությունը համաշխարհային շուկաների տատանումների նկատմամբ եւ սահմանափակ ռեսուրսները՝ դրանք մոտ ապագայում լուծելու համար։ Բացի այդ, նոր ճգնաժամը ծագել է Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ լարված հարաբերությունների ֆոնին, մինչդեռ Մերձավոր Արեւելքում էներգակիրների գներն արդեն բարձր էին հակամարտությունից առաջ։
Գործակալության տվյալներով՝ գների նոր թռիչքը պայմանավորված է Իրանի կողմից Կատարի Ռաս Լաֆանում գտնվող հեղուկացված բնական գազի օբյեկտին հարվածով։ Հարվածի տակ ընկած օբյեկտներն արտադրում են երկրի հեղուկացված բնական գազի ընդհանուր արտահանման 17 տոկոսը։ Լոնդոնի ICE բորսայի տվյալների համաձայն՝ երեկվա աճուրդի բացման պահին եվրոպական գազի գները գերազանցել են 850 դոլարը հազար խորանարդ մետրի համար՝ առաջին անգամ 2022թ․ դեկտեմբերից ի վեր։





























