Դանիական հանրային հեռարձակող DR-ն հաղորդում է, որ այս տարվա հունվարին Գրենլանդիա շտապած դանիացի զինվորականները պատրաստ էին պայթեցնել կղզու գլխավոր թռիչքուղիները, եթե ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով սկսեր ներխուժումը։
Երկու անանուն եվրոպացի պաշտոնյաներ Financial Times-ին տված հարցազրույցում հաստատել են դանիական հեռարձակողի տեղեկությունը։
Սակայն դանիացի բարձրաստիճան զինվորական պաշտոնյան BBC-ին ասել է, որ «անվտանգության նկատառումներից ելնելով, միայն շատ քչերը կարող էին տեղյակ լինել նման գործողության մասին»։
Թեև Դանիան և ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի անդամներ են, այս տարվա սկզբին երկու երկրների միջև վեճ է ծագել Գրենլանդիայի՝ դանիական թագավորության մաս կազմող կղզու ճակատագրի շուրջ։ Իր երկրորդ ժամկետի առաջին տարում Թրամփը բազմիցս հայտարարել է Գրենլանդիան բռնակցելու իր մտադրության մասին։ Դանիայի, Գրենլանդիայի և Եվրամիության առաջնորդները մերժել են նման նկրտումները։
DR-ն հաղորդում է, որ իր հրապարակումը հիմնված է ինչպես Դանիայի, այնպես էլ դաշնակիցներ Ֆրանսիայի և Գերմանիայի կառավարության և զինված ուժերի բարձրաստիճան ղեկավարության 12 աղբյուրների հետ զրույցների վրա։





























