Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաքչին Kyodo գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է աջակցել համաշխարհային էներգակիների մատակարարման հիմնական զարկերակ հանդիսացող Հորմուզի նեղուցով ճապոնական նավերի անցմանը և որ այդ հարցի շուրջ Ճապոնիայի հետ բանակցությունները շարունակվում են։
«Մենք չենք փակել նեղուցը։ Այն բաց է», — ասել է Արաքչին։
Նա նաև ընդգծել է, որ Իրանը, որը փետրվարի վերջին ենթարկվել էր Միացյալ Նահանգների և Իսրայելի հարձակմանը, ձգտում է «ոչ թե հրադադարի, այլ պատերազմի լիակատար, համապարփակ և տևական դադարեցման»։
Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Թեհրանը չի փակել ռազմավարական ջրային ուղին, սակայն սահմանափակումներ է մտցրել այն երկրների նավերի համար, որոնք առնչություն ունեն Իրանի դեմ իրականացված հարձակումներին։ Միևնույն ժամանակ Իրանը օգնություն է առաջարկում այլ երկրներին՝ անվտանգության հետ կապված մտահոգությունների ֆոնին։
Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է անվտանգ անցում ապահովել այնպիսի երկրների համար, ինչպիսին է Ճապոնիան, եթե վերջինս իր գործողությունները համաձայնեցնի Թեհրանի հետ։
Արաղչին նշել է, որ նեղուցով ճապոնական նավերի երթևեկության հարցը քննարկվել է Ճապոնիայի արտգործնախարար Տոսիմիցու Մոտեգիի հետ վերջերս ունեցած բանակցությունների ժամանակ։ Նա հավելել է նաև, որ քննարկումները շարունակվում են, սակայն մանրամասները դեռևս հրապարակման ենթակա չեն։
Ճապոնիան իր ներկրվող հում նավթի ավելի քան 90 տոկոսը ստանում է Մերձավոր Արևելքից, որի մեծ մասը տեղափոխվում է հենց այս նեղուցով։




























