Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին հայտարարել է, որ Իրանում ձերբակալված Ճապոնիայի երկու քաղաքացիներից մեկն ազատ է արձակվել և կվերադառնա Ճապոնիա, հայտնում է Associated Press-ը։
Fuji հեռուստաալիքի թոք-շոուի ժամանակ Մոտեգին ասել է, որ այդ տղամարդն անցյալ տարվանից կալանքի տակ էր և ազատ է արձակվել չորեքշաբթի օրը։ Ըստ նախարարի, ազատ արձակված քաղաքացին պետք է ժամանի Ադրբեջանից մեկնող չվերթով, որը Ճապոնիա պետք է հասնի այսօր։
Մոտեգին հայտնել է, որ Ճապոնիայի մյուս քաղաքացին, որը ձերբակալվել էր այս տարվա սկզբին, դեռևս կալանքի տակ է։
Նա նշել է, որ ազատ արձակումը տեղի է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիին ուղղված իր բազմաթիվ դիմումներից հետո, և որ ինքը «աշխատում է մյուս կալանավորի շուտափույթ ազատ արձակման ուղղությամբ»՝ կապ պահպանելով նրա ընտանիքի և այլ շահագրգիռ կողմերի հետ։
Նշենք, որ այս ազատ արձակման մասին հայտնի դարձավ Իրանի ԱԳ նախարարի՝ ճապոնական Kyodo լրատվամիջոցին տված հարցազրույցից հետո։ Հարցազրույցի ընթացքում Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է աջակցել Հորմուզի նեղուցով ճապոնական նավերի անվտանգ անցմանը։ Ավելի ուշ «Дневник иранского журналиста» Telegram-ալիքը հայտնել էր, որ Ճապոնիան համաձայնել է վճարել չինական յուանով՝ նեղուցով իր նավերի անցման դիմաց։