Իրանը Դոհայի կամ կատարական լրատվամիջոցների տարհանման վերաբերյալ որևէ նախազգուշացում չի արել, Tasnim իրանական գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը:
«Հակառակ կիբերտարածությունում շրջանառվող կեղծ լուրերի՝ Իրանը Կատարի մայրաքաղաք Դոհայի և կատարական լրատվամիջոցների տարհանման վերաբերյալ որևէ նախազգուշացում չի տվել», - Tasnim-ին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) իրազեկ աղբյուրը:
«Լրատվամիջոցների վրա հարձակվելը սիոնիստների ԴՆԹ-ում է և որևէ կապ չունի Իրանի հետ», - հավելել է նա:
Գործակալության զրուցակիցն ընդգծել է, որ Իրանը բազմիցս հայտարարել է, որ Թեհրանը «տարածաշրջանի ժողովուրդներին ու կառավարություններին դիտարկում է որպես իր եղբայրների և թիրախավորում է միայն ամերիկացիների ու սիոնիստների շահերը տարածաշրջանում»:
Ավելի վաղ մի շարք Telegram-ալիքներում տեղեկություն էր հայտնվել, թե Իրանը հայտարարել է Դոհայի և կատարական լրատվամիջոցների տարհանման մասին։ Սակայն գիշերվա ընթացքում Դոհայի և կատարական լրատվամիջոցների հետ կապված որևէ միջադեպ չի գրանցվել: