Ասիայի ամենախոշոր՝ Տոկիոյի ֆոնդային բորսայում երկուշաբթի օրվա սակարկություններն ավարտվել են կտրուկ անկմամբ՝ Մերձավոր Արևելքում լարվածության հնարավոր նոր սրացման վերաբերյալ ներդրողների մտավախությունների պատճառով։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։
Հիմնական Nikkei ինդեքսը, որն արտացոլում է ճապոնական 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքների տատանումները, առևտրային օրվա վերջում նվազել է 3,48%-ով՝ հասնելով 51 515,49 կետի նիշին։ Ընդ որում, օրվա ընթացքում գնանշումների անկման տեմպերը գերազանցել են 5%-ը։
Տեղի վերլուծաբանները նշում են, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի շարունակվող սրումը մնում է բաժնետոմսերի գների նվազման գերիշխող գործոնը։ Ներդրողների մոտ առանձնահատուկ անհանգստություն են առաջացրել ԱՄՆ-ի սպառնալիքները՝ հարվածել Իրանի էլեկտրակայաններին, եթե Հորմուզի նեղուցը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ չբացվի նավագնացության համար։
Այս ֆոնին շարունակվել է ազգային արժույթի փոխարժեքի թուլացումը դոլարի նկատմամբ։ Արժութային սակարկությունների բացումից ի վեր իենն արժեզրկվել է 0,21%-ով և հասել մեկ դոլարի դիմաց 159,55-159,56 իենային մակարդակին։
Մեկնաբանելով իրավիճակը՝ Ճապոնիայի ֆինանսների նախարար Ացուսի Միմուրան խոստացել է, որ երկրի իշխանությունները համապատասխան միջոցներ կձեռնարկեն՝ ելնելով տեղի բնակիչների տնտեսության և առօրյա կյանքի վրա տեղի ունեցող իրադարձությունների ազդեցության գնահատականից։
Մարտի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կոչնչացնեն Իրանի մի քանի էլեկտրակայաններ, եթե Հորմուզի նեղուցը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ չբացվի նավագնացության համար։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբն ի պատասխան զգուշացրել է, որ նման հարձակման դեպքում Իրանը պատասխան հարվածներ կհասցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի էներգետիկ և տեղեկատվական ենթակառուցվածքների օբյեկտներին։





























