Ուկրաինայի հատուկ ծառայությունները գաղտնալսել են Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոյի բջջային հեռախոսը՝ նրա համարը ստանալով հունգարացի լրագրողներից մեկից։ Ինչպես հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նա հանձնարարել է երկրի արդարադատության նախարարությանը զբաղվել այս գործի քննությամբ, որը կարող է որակվել որպես հանցագործություն։
«Կառավարության անդամի հեռախոսազրույցների գաղտնալսումը լուրջ հարձակում է Հունգարիայի դեմ։ Ես հանձնարարել եմ արդարադատության նախարարին անհապաղ հետաքննել Պետեր Սիյարտոյի հեռախոսազրույցների գաղտնալսման մասին տեղեկությունը»,- գրել է Օրբանը Facebook-ում։
Իր հերթին Սիյարտոն հայտնել է, որ ցնցվել է՝ իմանալով, որ իր հեռախոսը գաղտնալսվում է հունգարացի լրագրողի մատնությամբ։ Նրա խոսքով՝ «զզվելի է, որ հատուկ ծառայությունների հետ ակտիվ կապեր պահպանող այդ լրագրողը մոտ է «Տիսա» կուսակցության ղեկավարությանը»։
Հունգարիայի կառավարությունը հրապարակել է նաև VSquare միջազգային պարբերականի լրագրող Սաբոլչ Պանյիի խոսակցության ձայնագրությունը, որտեղ նա խոստովանել է, որ օտարերկրյա հատուկ ծառայություններին է փոխանցել Սիյարտոյի հեռախոսահամարը։





























