Պակիստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները խախտել են Աֆղանստանի օդային տարածքը։ Այս մասին հայտնել է աֆղանական TOLO News հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի զինվորականներին։
«Հակաօդային պաշտպանության միջոցները կրակ են բացել երկրի հյուսիսում գտնվող պակիստանյան ռազմական ինքնաթիռների ուղղությամբ»,- X սոցիալական ցանցում մեջբերվել են «Ալ-Ֆաթհ» 209-րդ բանակային կորպուսի մամուլի քարտուղար Համմադ Վիսալի խոսքերը։
Բացի այդ, հեռուստաալիքը տեղեկացնում է, որ չնայած Իդ ալ-Ֆիտր տոնի առիթով հայտարարված հրադադարին, Աֆղանստանի որոշ շրջաններում շարունակվել են պակիստանյան հարձակումները։
Երկրների միջև ռազմական գործողությունների կասեցման ժամկետը լրացել էր մարտի 23-ին։ Հրադադարի երկարաձգման մասին կողմերը չեն հայտնել։





























