Նորզելանդական խոշորագույն Air New Zealand ավիաընկերությունը չեղարկել է խաղաղօվկիանոսյան կղզի-պետությունների օդանավակայաններ իրականացվող չվերթների մի մասը՝ Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով առաջացած ավիավառելիքի գների աճի պատճառով։ Այս մասին հայտնում է Radio New Zealand ռադիոկայանը՝ հղում անելով ընկերության ներկայացուցչին։
Ռադիոկայանի փոխանցմամբ՝ ազգային ավիափոխադրողը չվերթների մի մասի չեղարկման որոշումը հիմնավորել է «Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությամբ պայմանավորված վառելիքի գների աննախադեպ անկայունությամբ»։ Նշվում է, որ ներկա պահին ամբողջությամբ չեղարկվել է Air New Zealand-ի ներքին և միջազգային չվերթների ընդհանուր ծավալի առնվազն 5%-ը։ «Կապ կհաստատվի տուժած հաճախորդների հետ․ նրանք կստանան թռիչքի արժեքի փոխհատուցման կամ կրեդիտի իրավունք, եթե չկարողանան մեկնել մոտ ժամանակներս»,- հայտարարել են ավիաընկերությունից։
Ավելի վաղ ավիաընկերությունը հայտնել էր մինչև մայիսի սկիզբ առնվազն 1,1 հազար չվերթի չեղարկման մասին՝ նշելով, որ ուղևորներին կտրամադրվեն այլընտրանքային չվերթների տոմսեր։
Նոր Զելանդիան գրեթե ամբողջությամբ կախված է վառելիքի ներկրումից։ Մինչև 2022 թվականը բենզինի և դիզվառելիքի մոտ 70%-ն արտադրում էր երկրի միակ նավթավերամշակման գործարանը՝ Marsden Point-ը, սակայն դրա փակումից հետո երկիրն անցել է պատրաստի նավթամթերքի ներկրմանը՝ հիմնականում Հարավային Կորեայից և Սինգապուրից։ Կառավարության տվյալներով՝ վառելիքի ընդհանուր պաշարները միջինում կբավականացնեն 47 օր (բենզինը՝ 50 օր, դիզվառելիքը՝ 46 օր, իսկ ավիացիոն վառելիքը՝ 45 օր)։





























