Եվրամիությունում վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցնելու ձգտումը և խճճված օրենսդրությունը արգելակում են արհեստական բանականության (ԱԲ) զարգացումը, ինչի պատճառով էլ երկրները հետ են մնում ԱՄՆ-ից և Չինաստանից։ Նման կարծիք են հայտնել ԵՄ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Էնդրյու Պազդերը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյկոբ Հելբերգը՝ The Wall Street Journal (WSJ) թերթի համար գրված հոդվածում։
«ԱԲ տնտեսություն մուտք գործելու համար Եվրամիությանը անհրաժեշտ է զարգացնել էլեկտրամատակարարումը, չզբաղվել էներգետիկ անցմամբ և հրաժարվել այնպիսի որոշումներից, որոնք բարձրացնում են էներգիայի արժեքը և սահմանափակում հանածո վառելիքի օգտագործումը։ Եթե ԵՄ-ն չփոխի կուրսը, ապա ԱՄՆ-ն կարող է նրան հետևում թողնել»,- կարծում են նրանք։
Պազդերը և Հելբերգը համոզված են, որ ԱՄՆ-ն առայժմ առաջատար է ԱԲ զարգացման գործում, սակայն Չինաստանը չի զիջում նրան։ Հոդվածի հեղինակները նշում են, որ Եվրոպան ունի այս ոլորտի զարգացման համար անհրաժեշտ ամեն ինչ, սակայն ԵՄ առաջնորդները պետք է կենտրոնանան նորարարությունների վրա, այլ ոչ թե էներգետիկայի ոլորտի վրա ճնշումների ուժեղացման և ԱԲ-ն սահմանափակող նոր օրենքների ընդունման վրա։ Եվրոպային անհրաժեշտ են տվյալների մշակման կենտրոններ և դրանց համար հսկայական քանակությամբ էներգիա, ինչն անհնար է՝ հանածո վառելիքի սահմանափակումների և ցածր արդյունավետություն ունեցող «մաքուր» էներգիայի օգտագործմանն աջակցելու պայմաններում։
Քաղաքական գործիչները համոզված են, որ Եվրամիությունում կան ընկերություններ, որոնք ունակ են ստեղծել ԱԲ բազմամիլիարդանոց ենթակառուցվածքներ։ Նրանք պատրաստ են զարգանալ և ներդրումներ կատարել նեյրոցանցերում, սակայն եվրոպական օրենքները ճնշում են նախաձեռնությունները և ստիպում բիզնեսին լքել միությունը։ ԵՄ-ում գոյություն ունեն ԱԲ զարգացումն ու օգտագործումը սահմանափակող բազմաթիվ օրենքներ, որոնք դանդաղեցնում են առաջընթացը, բարձրացնում ընկերությունների ծախսերը և ուշացնում ապրանքների մուտքը շուկա։
Պազդերի և Հելբերգի կարծիքով՝ ԱԲ ոլորտում ներդրումները նպաստում են ինչպես տնտեսական աճին, այնպես էլ առավելություններ են տալիս հավանական ռազմական հակամարտություններում՝ հետախուզության, լոգիստիկայի և կառավարման մեջ նեյրոցանցերի կիրառման շնորհիվ։ Քաղաքական գործիչները հղում են արել Սպիտակ տան զեկույցին, որտեղ ԱԲ զարգացումը համեմատվել է արդյունաբերական հեղափոխության հետ։ Այդ ժամանակահատվածում անջրպետ է առաջացել նրանց միջև, ովքեր ներդրումներ են արել արդյունաբերության զարգացման մեջ, և նրանց, ովքեր անտեսել են այն։ Նմանատիպ անջրպետ է ձևավորվել նաև հիմա՝ ԱԲ-ում ներդրումներ կատարողների և չկատարողների միջև։





























