Երբ իշխանությունները ստեղծեցին 44–օրյա պտերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը, հայտարարում էին, որ իբր սա լույս է սփռելու տեղի ունեցածի վրա, դատական ակտեր են լինելու, հնչեղ ձերբակալություններ են լինելու, դրանից հետո հանկարծակի բոլորը դրա մասին լռեցին, ասում են՝ հանձնաժողովը ուշացրել է զեկույցը դրա համար չի հրապարակվում։ Այս մասին, այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Հայ ազգային ճակատ» կազմակերպության նախագահ, ռազմական, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը։

«Հետո էլ սկսեցին խոսել, որ իբր դա հույժ գաղտնի է։ Ի՞նչն է հույժ գաղտնի, մենք կորցրել ենք մի ամբողջ երկրորդ հանրապետություն։ Մեր հայրենակիցները այնտեղից բռնի ուժով տեղահանվել են, մենք հազարավոր կյանքեր ենք կորցրել, հասկանու՞մ եք, սա աղետ է։ Մեր պետականությունը այսօր սարքել են բրոշկա, կպցրել են դոշներին։ Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ մեծությամբ, հզորությամբ ոչ մեկդ չեք կարող ձեր դոշին ման տաք, դուք դրա տակ կխեղդվեք։

Դուք այսօր չեք խոսում, թե այդ ի՞նչ եք բացահայտել, ի վերջո այս պատերազմի պատասխանատուները պետք է լինե՞ն, թե՞ չէ։ Ինձ համար միանշանակ պարզ է, որ այս ամենի պատասխանատուն իշխանությունն է, բայց իրենք հանրությանը ներկայացնում են, որ նախկիններն են մեղավոր։ Դե ցույց տվեք, որ հասկանանք՝ ովքեր են մեղավոր։ Հիմա ընտրությունների է գնում, միգուցե պատերազմի հանցագործներից շատ ու շատ մարդիկ կան, որ այսօր նորից ուզում են վերընտրվել կամ ընտրվել։ Դուք ասում եք մենք լեգիտիմ ենք, մենք անկեղծ ենք, մենք ազնիվ ենք, իբր»,–ասաց նա։

Գևորգ Գևորգյանը չբացառեց, որ զեկույցը չեն հրապարակում, քանի որ առջևում ընտրություններ են. «Թող հրապարակեն, թե ի վերջո, ովքեր են մեղավորները, մենք ունենք գերեվարված ընկերներ, բարեկամներ, հարազատներ, զինակից ընկերներ, մեր որդիները, մեր ընկերները, ու՞ր են այդ մարդիկ։ Ի վերջո, սա պետությո՞ւն է, դուք գիտակցո՞ւմ եք մեր պետական և ազգային շահը։ Ես վստահ եմ, որ չեք գիտակցում»,– ընդգծեց նա։