Անհետ կորածների ծնողները հույս ունեին, որ 44–օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը չորս տարի իրենց խոստանալուց հետո կպարզաբանի, լույս կսփռի իրենց անհետ կորած զավակների և հարազատների որոնման աշխատանքներում։ Այս մասին, այսօր՝ մարտի 24–ին, ԱԺ–ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի կազմակերպիչներից Միքայել Մարգարյանը։

«Ակցիային միացել են զոհված ազատամարտիկների ծնողները, որոնք շատ հարցեր ունեն, թե ի՞նչ պայմաններում են զոհվել իրենց երեխաները, ո՞վ է հրամանատարը եղել և այլն։ Միանում են բոլոր նրանք, որոնք եղել են մարտի դաշտում, մասնակցել են պատերազմին և այսօր շատ ու շատ հարցեր ունեն, արդյո՞ք մենք չէինք կարող կանխել պարտությունը և ինչու պատերազմի հետևանքները վեց տարի շարունակաբար լինում աղետաբեր։

Եվ իհարկե Արցախի ներկայացուցիչներն են այսօր շահագրգիռ, որ հանձնաժողովի բոլոր հայտնաբերումները, բացահայտումները հրապարակվեն։ Այո, ժողովուրդը գնում է հիմա ընտրությունների, սա ճակատագրական ընտրություններ կարող են  լինել և գնալ ընտրությունների ստի միջավայրում անթույլատրելի է։
Ուստի սա կոչ է բոլոր քաղաքական ուժերին, հանրության բոլոր շերտերին, միացեք այս պահանջին, որպեսզի ձեր ընտրությունը լինի արդար և Հայաստանը ունենա քիչ թե շատ վերականգնվելու հեռանկար։

Մենք դիմել ենք արդեն գրավոր Ազգային Ժողովի նախագահին, նա մերժել է հրապարակել զեկույցը, ուստի մենք այսօր դիմելու ենք ֆրակցիաների ղեկավարներին, որպեսզի նրանք բարձրացնեն Ազգային ժողովում այդ հարցը»,–ասաց նա։

Հարցին՝ ի՞նչ կտա  այդ զեկույցի հանրայնացումը, նա պատասխանեց. «Ըստ Անդրանիկ Քոչարյանի, որը եղել է հանձնաժողովի ղեկավար, ըստ անդամների խոստովանությունների հազարավոր քրեական գործեր կարող են հարուցվել։ Արդեն հետաքննությունները բերել են բազում մեղավորների անուններ, բազում խնդրահարույց հարցեր։ Կառավարությունը հարց էր բարձրացրել, որ պետք է հետաքննվի ոչ միայն պատերազմը, այլ նաև դիվանագիտական աշխատանքը, նախապատերազմական իրավիճակը։ Ինչպե՞ս եղավ, որ մեր բանակցությունները բերեցին, հասցրեցին պատերազմի, ի՞նչ է եղել պատերազմի ժամանակ, ի՞նչ է եղել պատերազմից հետո, ի՞նչ է եղել Արցախում, ի՞նչ է եղել թիկունքում։ Այս բոլոր հարցերը կառավարությունը դրել է Ազգային ժողովի դիմաց, ավելին՝ պահանջել է զեկույցը անպայման հրապարակել։