ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Մեծամորի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեքենայում զենք-զինամթերք է ապօրինի պահում: Նա ձերբակալվել և «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքի արդյունքում մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է «ՏՕԶ-8» տիպի հրազեն և փամփուշտներ:

28-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:

Ապօրինի զենք-զինամթերք պահելու վերաբերյալ հաջորդ օպերատիվ տեղեկությունը ստացվել է մարտի 20-ին:

Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել Հնաբերդ գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդու: Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են մեկփողանի որսորդական հրացան, նռնակներ, պայթուցիչներ, օդամղիչ հրացաններ, փամփուշտներ:

Հնաբերդ գյուղի բնակիչ 63-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է նախաքննություն:

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։