ՀՀ պաշտպանության նախարարությանն են փոխանցվել Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ամրացված դիրքերի կոորդինատները։ Այս մասին մարտի 24-ի ասուլիսում հայտարարել է նախկին օմբուդսմեն, «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ՊՆ-ի այն հերքմանը, թե ՀՀ տարածքում ադրբեջանցիների ներխուժման և ամրապնդման վերաբերյալ իր հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը։
«Ամիսներ շարունակ չինական և ֆրանսիական արբանյակների օգնությամբ բացահայտել էինք, որ ՀՀ տարածքում 2025 թվականի հուլիսից սկսած եղել են թե՛ ներխուժումներ, թե՛ դիրքերի ամրացումներ։ Պաշտպանության նախարարությունն ամբողջությամբ ստեց և մանիպուլացրեց՝ հարցը բերելով 1 դիրքի պատմության, սակայն այդտեղ էլ են նրանք ստել», - նշել է քաղաքական գործիչը՝ հավելելով, որ դիրքը, որի ամրապնդումը հերքել է Պաշտպանության նախարարությունը, կազմում է գրեթե 9 հեկտար։ «Մենք նրանց հանձնեցինք նաև կոորդինատներ՝ թե չինական արբանյակի, թե՛ ֆրանսիական արբանյակի, ընդ որում, այդ արբանյակների հիման վրա է, որ գուգլ քարտեզներ են ձևավորվում։ Գուգլ քարտեզով դուք այս ամրացումները կամ ճանապարհները՝ չեք տեսնի, դրանք երևում են արբանյակային լուսանկարներով։ Եթե իրենք արբանյակային լուսանկարները գուգլ քարտեզներից չեն տարբերում, ապա կարող ենք դասընթացներ անցկացնել»,- առաջարկել է Թաթոյանը։ Ըստ նրա՝ հայկական կողմի հերքումն ակնհայտորեն ձեռնտու է եղել ադրբեջանցիներին՝ քողարկելով նրանց գործողություններն ու «մաքրելով» նրանց կատարածը։
Ավելի վաղ Թաթոյանը հայտարարել էր, թե 2025-ի օգոստոսին Ադրբեջանը Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքում, նոր դիրք է տեղակայել։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանի ամբիոնից Թաթոյանի հայտարարությունները որակել էր կեղծ, իսկ նախարարության մամուլի ծառայությունը հերքող տեսանյութ էր հրապարակել։





























