Հորմուզի նեղուցի չբացվելու դեպքում՝ Եվրոպան կարող է էներգիայի և վառելիքի պակասի բախվել արդեն հաջորդ ամիս։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խոշորագույն նավթային ընկերության՝ Shell-ի գործադիր տնօրեն Վաել Սավանը, գրում է The Guardian-ը:

Սավանը նշել է, որ ընկերությունն աշխատում է կառավարությունների հետ և օգնում է նրանց հաղթահարել նավթի և գազի մատակարարման ճգնաժամը, որն արդեն հանգեցրել է ասիական երկրներում էներգիայի սպառման սահմանափակումների:

Մեկ բարել նավթի գները շաբաթվա սկզբի 114 դոլար առավելագույնից հասել են մոտ 100 դոլարի (չորեքշաբթի օրվա դրությամբ)։ Դա կապվախ է այն լուրերի հետ, թե Սպիտակ տունն Իրանի առաջնորդներին 15 կետից բաղկացած խաղաղության ծրագիր է ուղարկել: Այնուամենայնիվ, ըստ Վաել Սավանի, առանց Հորմուզի նեղուցով Պարսից ծոցից համաշխարհային գնորդներին նավթի մատակարարումների վերականգնման, Եվրոպան մի քանի շաբաթվա ընթացքում կարող է հանածո վառելիքի դեֆիցիտի բախվել:

«Այս հարվածն առաջինն իր վրա զգացել է Հարավային Ասիան: Ապրիլին այն տարածվել է Հարավարևելյան Ասիայի, Հյուսիսարևելյան Ասիայի, իսկ այնուհետև՝ Եվրոպայի վրա»,- ասել է նա Տեխասում նավթային արդյունաբերությանը նվիրված համաժողովի ժամանակ:

Սավանը նշել է, որ արդեն չորրորդ շաբաթը շարունակվող ճգնաժամն արդեն իսկ ազդել է ավիավառելիքի մատակարարումների վրա, որի գինը հակամարտության սկզբից ի վեր կրկնապատկվել է։ Հաջորդը ճնշման տակ կարող է հայտնվել դիզելային վառելիքը, իսկ դրանից հետո՝ բենզինը, քանի որ ԱՄՆ-ում և Եվրոպայում սկսվում է ամառային տրանսպորտային շրջանը:

Այս խիստ նախազգուշացմանը միացել է նաև Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Կատերինա Ռայխեն, ով նույն համաժողովի ժամանակ նույնպես զգուշացրել է, որ ապրիլի վերջին կամ մայիսին կարող է էներգառեսուրսների դեֆիցիտ առաջանալ (եթե հակամարտությունը շարունակվի):

Նա հավելել է, որ միջուկային էներգետիկայից փուլային հրաժարվելու Գերմանիայի որոշումը մեծ սխալ է եղել և որ գերսառեցված լցանավերի միջոցով արտերկրից գազի ներկրման ավելացումը կարող է խնդրի լուծման կարևոր մասը դառնալ: