Դանիայի կառավարության ղեկավար Մետե Ֆրեդերիկսենը հրաժարական է ներկայացրել երկրի թագավոր Ֆրեդերիկ X-ի հետ հանդիպումից հետո։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է «The Guardian»-ը:

Խորհրդարանական ընտրություններից հետո վարչապետի հրաժարականը սովորական ընթացակարգ է, քանի որ այն նոր կառավարության ձևավորման գործընթացի սկիզբն է դնում: Ակնկալվում է, որ այդ ընթացքում Ֆրեդերիկսենը կշարունակի կատարել իր պարտականությունները: Նա նաև համարվում է նոր վարչապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուներից մեկը:

Երեքշաբթի օրը կայացած ընտրություններում Ֆրեդերիկսենի «Սոցիալ-դեմոկրատներ» կուսակցությունը վերջին հարյուրամյակի ընթացքում իր վատթարագույն արդյունքն է գրանցել՝ ստանալով ձայների 21,9%-ը: «Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունը» (SF) ստացել է 11,6%, իսկ «Վենստրե» կուսակցությունը՝ 10,1%: Մնացած կուսակցությունները հավաքել են 10%-ից պակաս ձայն:

Այսպիսով, ինչպես նշում են եվրոպական լրատվամիջոցները, ո՛չ ձախակենտրոն «կարմիր բլոկին», ո՛չ էլ աջակենտրոն «կապույտ բլոկին» չի հաջողվել մեծամասնություն կազմել խորհրդարանում, ինչը հատկապես բարդ է դարձնում կառավարող կոալիցիայի ձևավորման գործընթացը։