ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը, ենթադրաբար տարված են իրենց սեփական մեծությամբ, և դա երկու առաջնորդներին էլ դարձնում է անկանխատեսելի: The Guardian-ի համար գրված հոդվածում այս մասին գրել է Գերմանիայի նախկին փոխկանցլեր Ռոբերտ Հաբեկը:
Ըստ Հաբեկի՝ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Իրանում ԱՄՆ-ի գործողությունների միջև ամենամեծ տարբերությունն այն է, որ «ԱՄՆ-ում առաջվա պես ժողովրդավարություն է», և Թրամփը կարող է փոխել իր դիրքորոշումը հանրային ճնշման տակ: Սակայն երկու առաջնորդների միջև նմանությունը նրանց ենթադրաբար «չարամիտ» վարքագծի մեջ է, և Հաբեկի կարծիքով երկու քաղաքական գործիչներն էլ «մեգալոմաններ» են (անձի ինքնագիտակցության և վարքի մոլորության տեսակ, արտահայտվում է սեփական անձի կարևորության, հայտնիության, հարստության, իշխանության, հանճարեղության, քաղաքական ազդեցության գերագնահատմամբ –խմբ.), քանի որ առաջնորդվում են «մեծության մոլորությամբ» (delusions of grandeur):
«Ավելի շուտ, Պուտինը և Թրամփը հիմնականում մտահոգված են իրենց սեփական մեծությամբ: Կամ այն, ինչ նրանք մեծություն են համարում: Հենց դա է նրանց այդքան անկանխատեսելի դարձնում: Հետևաբար, նրանք լիովին անտարբեր են միջազգային իրավունքի նկատմամբ»,- գրել է Գերմանիայի նախկին փոխկանցլերը:





























