Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, որոնց մասնակցում են Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, կարող են տեղի ունենալ Պակիստանում կամ Թուրքիայում։ Դրա մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով անանուն բարձրաստիճան իրանցի պաշտոնյայի։

«Թուրքիան նպաստել է պատերազմի ավարտին, ուստի նման բանակցությունների վայր են դիտարկվում կամ Թուրքիան, կամ Պակիստանը»,- ասել է աղբյուրը։

Ըստ գործակալության աղբյուրի՝ Պակիստանը Թեհրանին է փոխանցել հակամարտության կարգավորման ԱՄՆ առաջարկը։ Աղբյուրը չի բացահայտել Իսլամաբադի փոխանցած առաջարկի մանրամասները կամ չի նշել՝ արդյոք դա նույն 15 կետանոց ծրագի՞րն է, որի մասին ավելի վաղ հաղորդել էին լրատվամիջոցները։

Գործակալությունը հաղորդում է նաև, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Անվտանգության խորհրդի անդամները ծանոթացել են փաստաթղթի նախագծին։