Եվրոպական հանձնաժողովը գործարկել է AGILE անվամբ 115 միլիոն եվրոյի ծրագիր՝ փոքր և միջին ռազմական ձեռնարկություններին և ստարտափներին աջակցելու համար։ Նախագծի մասին հայտարարել է պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը՝ ծրագիրը ներկայացնելով Բրյուսելում անցկացված մամուլի ասուլիսում։
«AGILE ծրագիրը կաջակցի փոքր և միջին ձեռնարկություններին և ստարտափներին, որոնք մշակում են ռազմական և կրկնակի նշանակության բեկումնային տեխնոլոգիաներ, դրանց թվում՝ անօդաչու թռչող սարքեր, քվանտային տեխնոլոգիաներ և արհեստական բանականության գործիքներ»,- ասել է նա։
«Եվրոպական հանձնաժողովը 1-5 միլիոն եվրոյի դրամաշնորհներ կտրամադրի փոքր և միջին ձեռնարկությունների՝ բեկումնային տեխնոլոգիական նախագծերի համար։ Այդ դրամաշնորհների հատկացման վերաբերյալ որոշումը կընդունվի ոչ ավելի, քան չորս ամիս, ինչը աներևակայելի արագ է եվրոպական բյուրոկրատիայի համար», - հայտարարել է Կուբիլիուսը։ Ըստ նրա՝ այդ դրամաշնորհները կարող են ծածկել որոշակի, ընտրված ռազմական նախագծերի արժեքի մինչև 100%-ը, և Եվրահանձնաժողովը հույս ունի առաջին արդյունքները տեսնել 2027 թվականին։
«ԵՄ-ում ռազմական գնումների 70%-ից 80%-ը իրականացում են խոշոր պաշտպանական ընկերությունները, մինչդեռ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է ընդամենը 40%», - նշել է նա՝ ընդգծելով, որ այդ ընկերությունների առանձնահատկությունները, դրանց ռազմական մշակումն ու արտադրությունը «երկար ժամանակ և մեծ ծավալներ են պահանջում»։ Եվրահանձնակատարը նշել է, որ այս ծրագիրը կարող է կրկնօրինակվել ընդլայնված մասշտաբով ԵՄ հաջորդ յոթ տարվա բյուջեի շրջանակներում՝ 2028-2034 թվականների համար։ Եվրահանձնաժողովը ակնկալում է նաև, որ ԵՄ առանձին երկրները կիրականացնեն իրենց նմանատիպ ծրագրերն ազգային մակարդակով։ Ըստ Կուբիլիուսի՝ ամենահաջողված մշակումները կարող են օգտագործվել որպես հիմք՝ հաջորդ տասնամյակում եվրոպական նոր լայնածավալ և երկարաժամկետ ռազմական պայմանագրերի և ծրագրերի համար։





























