14-ամյա դեռահասը մեղադրվում է Իրանին տեղեկություններ փոխանցելու և Թեհրանի օգտին մի շարք առաջադրանքներ կատարելու մեջ։ Դատախազությունը մարտի 25-ին մեղադրական եզրակացություն է ներկայացրել կենտրոնական Իսրայելից անչափահասի դեմ՝ թշնամուն տեղեկություններ փոխանցելու, օտարերկրյա գործակալի հետ կապ հաստատելու, քննությանը խոչընդոտելու և այլ մեղադրանքներով, հաղորդում է «Վեստի Իսրայելը»։

Ըստ մեղադրական եզրակացության՝ գործը սկսվել է 2025 թվականի ապրիլին, երբ դեռահասը կապ է հաստատել թելեգրամյան խմբում գտնվող կոնտակտի հետ՝ իրեն հետաքրքրող աշխատանքի վերաբերյալ։ Կողմերը համաձայնության են եկել, որ նա կկատարի առաջադրանքները՝ կրիպտոարժույթով վճարման դիմաց, որը կփոխանցվի թվային դրամապանակին։

Դեռահասն ի թիվս այլ բաների, կոնտակտային անձի և այլ գործակալների համար կատարել է հետևյալ առաջադրանքները. Թել Ավիվի տարբեր թաղամասերում և ավտոմեքենաներին «Մենք հավատարիմ ենք դաշինքին» գրությամբ գրաֆիտիներ է արել։ Նա մի քանի րոպեանոց տեսանյութեր է նկարահանել «Իխիլով» հիվանդանոցի մոտ գտնվող փողոցներում և Ռամատ Գանի տարածքում։ Նա տեսանկարահանել է նաև Թել Ավիվի համայնապատկերը՝ ընդգծելով Կիրիայի գլխավոր շտաբի համալիրի տեղը։

Բացի դրանից նրան հանձնարարվել է վարձակալել բնակարան Թել Ավիվի Կիրիայի մոտակայքում։ Ի պատասխան՝ դեռահասն ուղարկել է վարձակալվող բնակարանի լուսանկար և կապվել է իր պահանջները բավարարող տարածքի մի քանի տանտերերի հետ։

Դեռահասին հանձնարարվել է նաև արտգործնախարար Գիդեոն Սաարի տան վրա ՝ «Մենք էլ մեր հերթին վրեժ կլուծենք. Ռուհալլահի զավակներ» գրությամբ գրաֆիտի անել, ինչպես նաև տեսանկարահանել նախարարի տեղաշարժերը։ Դեռահասը նշել է, որ դպրոցական պարտավորությունների պատճառով չի կարողացել ավարտել այս աշխատանքը, սակայն կկարողանա դա անել արձակուրդների ժամանակ։

Այդ ընթացքում, իր համակարգողների խնդրանքով, դեռահասը բացել է չորս թվային դրամապանակ, որոնցում կոնտակտները փոխանցել են ընդհանուր առմամբ ավելի քան 1170 դոլար՝ որպես առաջադրանքների կատարման վճար։

Դեպքի վերաբերյալ հարցաքննվելուց հետո դեռահասը փորձել է համոզել իր դասընկերոջը ստել և պնդել, որ նա է փոխանցել իր թվային դրամապանակներում գտնված միջոցների մեծ մասը։

Դեռահասը ձերբակալվել է 2025 թվականի հունիսին։ Նա չի հերքել իր դեմ առաջադրված մեղադրանքները և ափսոսանք է հայտնել ու զղջացել կատարվածի համար։ Հետաքննությունից հետո նա ազատ է արձակվել տնային կալանքի տակ։ «Շին Բեթ» հետածուզական ծառայությունը միաժամանակ արշավ է գործարկել՝ դեռահասներին զգուշացնելով ձեռնպահ մնալ թշնամու ուժերի հետ համագործակցությունից։