Եվրոպայի կենսապահովման նվազագույն զամբյուղում պետական կենսաթոշակների մասնաբաժինը խիստ տարբերվում է։ Հյուսիսային և Արևմտյան Եվրոպայում թոշակները հաճախ համապատասխանում են բազային ծախսերին կամ գերազանցում են դրանք, մինչդեռ Արևելյան Եվրոպայում և Բալկաններում թոշակառուների գումարը հաճախ չի բավականացնում ապրելու համար, հայտնում է Euronews-ը։
Բավարա՞ր են արդյոք պետական կենսաթոշակները Եվրոպայում կենսապահովման նվազագույնը ապահովելու համար։
Աշխատավարձերի և անձնակազմի կառավարման հարցերով զբաղվող Moorepay ընկերության հետազոտության համաձայն՝ եվրոպական 39 երկրներից 20-ում դա այդպես չէ։ Կենսապահովման ծախսերը չեն ներառում վարձակալության վճարը: Եթե վարձակալությունը ներառվեր, ապա այդ թիվը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն կաճեր։
Եվրոպական 39 երկրներում, ներառյալ ԵՄ անդամները, թեկնածու երկրները, ԵԱՏԱ (Իսլանդիա, Նորվեգիա, Շվեյցարիա և Լիխտենշտեյն) երկրներն ու Մեծ Բրիտանիան, կենսապահովման ծախսերի նկատմամբ կենսաթոշակների մասնաբաժինը տատանվում է Վրաստանի 22%-ից մինչև Լյուքսեմբուրգի 225%:
Լյուքսեմբուրգում միջին պետական կենսաթոշակը կազմում է 28 790 եվրո, իսկ կենսապահովման նվազագույնը՝ 12 791 եվրո: Սա նշանակում է, որ պետական կենսաթոշակը ավելի քան երկու անգամ գերազանցում է կենսապահովման նվազագույնը։
Կենսաթոշակները կենսապահովման նվազագույնը կրկնակի անգամ գերազանցում են նաև Իտալիայում (210%) և Ֆինլանդիայում (208%): Այս մակարդակին մոտ են նաև Իսպանիան (199%) և Դանիան (189%):
Մի շարք այլ երկրներում կենսապահովման ծախսերում կենսաթոշակների մասնաբաժինը տատանվում է 150-180% միջակայքում, ինչը դեռևս համեմատաբար բարձր ցուցանիշ է։
Դրանք են՝ Իսլանդիան (179%), Նորվեգիան (178%), Գերմանիան (176%), Բելգիան (170%), Ավստրիան (165%), Ֆրանսիան (160%), Նիդերլանդները (159%) և Շվեդիան (158%):
Վեց երկրներ գտնվում են 100-ից 150%-ի միջակայքում: Այնտեղ պետական կենսաթոշակները դեռևս բավարար են միայնակ մարդու կենսական ծախսերը հոգալու համար՝ չհաշված վարձակալության վճարը, սակայն հավելյալ միջոցները սահմանափակ են:
Դրանք են՝ Շվեյցարիան (131%), Իռլանդիան (126%), Միացյալ Թագավորությունը (120%), Լեհաստանը (112%), Չեխիան (108%) և Հունաստանը (103%):՝
Այնուամենայնիվ, շատ երկրներում իրավիճակն այնքան էլ լավ չէ. մի շարք դեպքերում այս ցուցանիշն իջնում է 65%-ից։
Ալբանիան (29%), Ուկրաինան (29%) և Մոլդովան (42%) հաջորդում են վարկանիշային աղյուսակի ստորին հորիզոնականում գտնվող Վրաստանին (22%): Այս բոլոր երկրներում կենսաթոշակները չեն բավականացնում նույնիսկ կենսական ծախսերի կեսը հոգալու համար:
Կենսաթոշակների մասնաբաժինը կյանքի արժեքի մեջ կազմում է 53% Բոսնիա և Հերցեգովինայում, 58% Կիպրոսում, 61% Հյուսիսային Մակեդոնիայում, 64% Թուրքիայում և 65% Լատվիայում:





























