Երեւանի Մաշտոցի այգում շինարարության դեմ պայքարող ակտիվիստներն այսօր` փետրվարի 18-ին, եւս հավաքվել են եւ պահանջում են դադարեցնել շինարարությունը (ֆոտոռեպորտաժ): Ցուցարարները այգում ձնեմարդ, ձնե տուն են սարքում, որ գիշերն այնտեղ մնան: Երիտասարդները թռչող ափսե են խաղում, կիթառով այգուն նվիրված երգեր հյուսում, թեյաթուրմեր խմում ու քննարկում հետագա անելիքները: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը` հավելելով, որ «խեղճ ոստիկանները անշարժ սառում են երկաթե բարիկադներից այն կողմ»:
Ակտիվիստները պատրաստվում են երկուշաբթի օրը մեծ ակցիա կազմակերպել Երեւանի քաղաապետարանի առաջ: Այսօր բնապահպաններին այցելել եւ իրենց աջակցությունն են հայտնել դերասաններ Սերգեյ Դանիելյանը («Յոժ»), Աշոտ Ադամյանը եւ գրող Սերգեյ Գալոյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 17-ի առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Մաշտոցի այգում ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջեւ: Այգում մի քանի տասնյակ ոստիկաններ են հավաքվել` ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ եւ նրանց օժանդակությամբ բանվորները փորձել են շինարարություն սկսել: Կենտրոնի ոստիկանապետը մոտեցել է ակտիվիստներին եւ պահանջել 5-10 րոպեի ընթացքում լքել տարածքը:
Ոստիկանները նշում են, որ իրենք վստահ են, որ այգում շինարարություն իրականացնելու վերաբերյալ քաղաքապետարանի որոշումը հիմնավոր է, ու քանի որ, ըստ ոստիկանների, ակցիայի մասնակիցների թիվն անցնում է 100-ից, դա ենթադրում է, որ ակցիայի կազմակերպիչները պետք է քաղաքապետարանից գրավոր թույլտվություն ունենան` ակցիա իրականացնելու համար:
Ակցիայի մասնակիցներն իրենց հերթին նշում են, որ իրենք արդեն մի քանի օր է այգում ակցիա են իրականացնում եւ թույլ չեն տալու, որ անօրինական շինարարություն իրականացվի այգում:
Մաշտոցի պուրակում հավաքված բնապահպանական ակտիվիստները պահանջում են, որ իրենց այցելի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Մենք շարունակելու ենք մնալ այստեղ, սակայն մեր բոլոր գործողությունները լինելու են բացառապես խաղաղ»,- հայտարարել էր ակտիվիստ Եղիա Ներսիսյանը:
Հիշեցնենք, որ այս խնդրով «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը» նախաձեռնությունները եւ բնապահպանական ակտիվիստները մի քանի օր առաջ հանդիպել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել:




























