Նավերի հետևման տվյալները չեն հաստատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը Հորմուզի նեղուցով ութ, ապա 10 նավթատար նավի տարանցման մասին։
Ըստ Bloomberg-ի վերլուծած տեղեկատվության՝ այդքան մեծ թվով նավերի տեղաշարժի նշաններ չեն եղել։
Թրամփն ավելի վաղ կաբինետի նիստում հայտարարել էր, թե Իրանը թույլ է տվել նախ ութ, ապա 10 նավթատար նավի տարանցումը՝ դա անվանելով «ժեստ» կամ «նվեր»։ Սակայն նավերի մոնիթորինգի տվյալները չեն հաստատում նշված ժամանակահատվածում այդքան մեծ թվով տարանցումները։
Ըստ հետևման տվյալների՝ վերջին օրերին նեղուցով անցել են սահմանափակ թվով առևտրային նավեր։ Դրանց թվում են առանձին բեռնատարներ, կոնտեյներային նավեր և հեղուկացված բնական գազի լցանավեր, սակայն դրանց թիվը չի համապատասխանում նշված թվերին։
Նշվում է, որ որոշ նավեր կարող են անջատել իրենց ավտոմատ նույնականացման համակարգերը (AIS)՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այնուամենայնիվ, վերջերս Հորմուզի նեղուցով անցած նավերի մեծ մասը շարունակել է փոխանցել իր դիրքի տվյալները, ինչը հնարավորություն է տալիս հուսալիորեն գնահատելու իրական երթևեկը։





























