Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանին հայտնել է, որ հանձնարարել է կանչել Իսրայելի դեսպանին՝ Երուսաղեմի լատին պատրիարքին Սուրբ Հարության տաճարում Ծաղկազարդի տոնական պատարագ մատուցելն արգելելու կապակցությամբ։

«Հանձնարարել եմ վաղը Իսրայելի դեսպանին կանչել Արտաքին գործերի նախարարություն՝ կարդինալ Պիցաբալային Ծաղկազարդը տոնելն արգելելու որոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար»,- X սոցիալական ցանցում գրել է Տայանին։

Ավելի վաղ Երուսաղեմի լատին պատրիարքարանը հայտնել էր, որ այսօր առավոտյան Իսրայելի ոստիկանությունը թույլ չի տվել Երուսաղեմի լատին պատրիարք, կարդինալ Պիեռբատիստա Պիցաբալային՝ Սուրբ Երկրում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին... մտնել Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար։

Ըստ պատրիարքարանի հաղորդագրության, դարերի ընթացքում առաջին անգամ եկեղեցու առաջնորդները զրկվել են Սուրբ Հարության տաճարում Ծաղկազարդի պատարագ մատուցելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ այսօր Ծաղկազարդը նշում է նաև Հայ Առաքելական եկեղեցին, որը նույնպես ներկայացված է Երուսաղեմում: