Ապրիլի 8-ին Երևանի Կապույտ մզկիթում տեղի է ունեցել «Պատմական ժառանգության ոչնչացում. ռազմական հանցագործություն և մշակութային ահաբեկչություն» խորագրով մասնագիտական սիմպոզիում։ Միջոցառմանը մասնակցել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Համաժողովի ընթացքում քննարկվել են պատմամշակութային արժեքների պահպանության և դրանց դեմ իրականացվող հանցագործությունների կանխարգելման հարցերը։

Մինչ քննարկումների մեկնարկը, Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի ներկայությամբ, Կապույտ մզկիթին են հանձնվել երկու պատմական տապանաքարեր։ Այս հուշարձանները, որոնք թվագրվում են 19-20-րդ դարերով և կրում են պարսկերեն արձանագրություններ, մզկիթին է նվիրել Հայաստանի «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը»։ Տապանաքարերի հանձնումը Կապույտ մզկիթին պատահական չէր. 18-րդ դարի այս ճարտարապետական կառույցը հանդիսանում է հայ և իրանցի ժողովուրդների դարավոր բարեկամության և մշակութային կապերի ամենախոսուն վկայություններից մեկը։ Այս նվիրատվությունը ևս մեկ անգամ ընդգծել է երկու երկրների հարգանքը ընդհանուր պատմական ժառանգության հանդեպ։

IMG_6137.JPG (120 KB)

IMG_6161.JPG (128 KB)

IMG_6162.JPG (123 KB)

Սիմպոզիումը կենտրոնացած է եղել Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից մեկամսյա ռազմական հարձակման ընթացքում պատմական և մշակութային հուշարձանների նպատակային ոչնչացման վրա: Պատմաբանները, իրանագետները և մշակութային ժառանգության մասնագետները քննարկել են 21-րդ դարում նման վայրերի նշանակությունը, հայ-իրանական համատեղ ժառանգությունը և հարձակումների ժամանակ վնասված կոնկրետ հուշարձանները:

Դեսպան Խալիլ Շիրղոլամին իր ողջույնի խոսքում ընդգծել է, որ հարձակման հենց առաջին օրը թիրախավորվել են երկրի հոգևոր առաջնորդը և պատմական դպրոցներից մեկը: «Ագրեսորը մեր դեմ կիրառեց ռազմական հանցագործությունների մի ամբողջ զինանոց: Իրանի ժողովուրդը, որը քաղաքակրթություն ու մշակութային ժառանգություն ստեղծող ժողովուրդ է, հենց առաջին րոպեներից արիաբար կանգնեց դրանց պաշտպանությանը և ինքնապաշտպանություն կազմակերպեց՝ ի վերջո ստիպելով թշնամուն նահանջել»,– հայտարարել է դիվանագետը:

Խոսելով հարցի իրավական կողմի մասին՝ դեսպանը հիշեցրել է միջազգային հումանիտար իրավունքի նորմերը և այն կոնվենցիաները, որոնք ամրագրում են մշակութային արժեքների պաշտպանությունը զինված հակամարտությունների ժամանակ։ Գիտաժողովի մասնակիցները միակարծիք էին. պատերազմի ընթացքում մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացումը ոչ թե «կողմնակի վնաս» է, այլ ինքնուրույն հանցագործություն՝ ուղղված ամբողջ ժողովուրդների պատմական հիշողության և ինքնության դեմ։