«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը հրաժարվել է նախընտրական արշավին մասնակցելուց եւ մտադիր է լքել «Ժառանգության» շարքերը: Այս մասին նա հայտարարեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում` ընդգծելով, որ առաջիկայում կհեռանա «Ժառանգությունից»:
«Ես հրաժարվեցի նախընտրական պայքարին մասնակցելուց, քանի որ սկզբունքորեն դեմ եմ համամասնական ցուցակի ձեւավորման տրամաբանությանը եւ նախընտրական տարբեր հարաբերություններին, որոնք առաջանում են այսօր»,-ասաց Կարինե Հակոբյանը: Հարցին, թե արդյոք նրա որոշումը «Ժառանգություն»- «Ազատ դեմոկրատներ» միության ստեղծումով է պայմանավորված, Հակոբյանը բացասական պատասխան տվեց. «Ես նրանցից էի, ովքեր պաշտպանում էին «Ազատ դեմոկրատների» հետ միությունը: Միությունները կարեւոր եւ անհրաժեշտ են, քանի որ այսօր ընտրողը արդեն չի կողմնորոշվում քաղաքական բարդ ներկապնակում: Ոչ, խնդիրը դրանում չէ: Պարզապես կարծում եմ, ընտրացուցակի ձեւավորման տրամաբանությունը ունի այն նույն թերությունները, որոնք համատարած առկա են հայկական կադրային քաղաքականության մեջ: Եթե «Ժառանգությունը» պայքարում է դրա դեմ, ապա ինքը նույն կերպ չպետք է վարվի: Կարծում եմ` երիտասարդը պետք է պատգամավոր լինի միայն այն ժամանակ, երբ հայտնի է: Եթե ինչ-որ մեկը նստում է տանը, հեռուստացույց է դիտում եւ ցանկանում է կարիերա անել, բայց կանգնած չէ Մաշտոցի պուրակում եւ չի գնում Քաջարան, ապա նրա տեղը օրենսդիր մարմինը չէ»,- հայտարարեց Հակոբյանը` հրաժարվելով ասել, թե կոնկրոտ ում նկատի ունի: «Ես խորհրդի նիստը լքեցի մինչ ցուցակի հրապարակումը: Ես նկատի ունեմ սկզբունքը, ոչ թե կոնկրետ անձանց»,-եզրափակեց նա:
Նշենք, որ առայժմ դեռ Կարինե Հակոբյանը «Ժառանգության» անդամ է: Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, մարտի 18-ին «Ժառանգությունը» հրապարակել է մեծամասնական եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ համամասնական ցուցակները, որոնցով կուսակցությունը պատրաստվում է մասնակցել մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին: Մեծամասնական ցուցակի եւ համամասնականի առաջին 25 հորիզոնականների հետ հնարավոր է ծանոթանալ այստեղ:




























