«Ես չեմ հավատում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ առաջիկայում կլինի խաղաղության համաձայնություն: Միակ բանը, որ հնարավոր է, դա համաձայնությունն է մադրիդյան սկզբունքների շուրջ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը: Հարցին, թե որքանո՞վ է կիսում Էդվարդ Նալբանդյանի տեսակետը, թե համանախագահող երկրների ԱԳ նախարարների հայտարարությունը առաջընթաց է, քանի որ առաջին անգամ Ադրբեջանը համաձայնում է ազգերի ինքնորոշման սկզբունքին, նա պատասխանեց. «Գուցե բառերով դա նոր բան էր, բայց իմաստով ես չեմ կարծում, որ դա ինչ որ հիշարժան բան ունի իր մեջ: Մյուս կողմից, անկեղծ ասած, մեզանից ոչ ոք Նալբանդյանի հետ նույն սենյակում չի եղել եւ գուցե նա գիտի մի բան, որը մենք չգիտենք»: Փորձագետը նաեւ նշեց, որ «հիմա ամենավատ ժամանակն է պատմության մեջ` ունենալու ամենավատ ԱԳ նախարարը»:

Լրագրողների հետաքրքրությանը, թե ինչով է վատը ՀՀ ԱԳ նախարարը, Ռ Կիրակոսյանն արձագանքեց. « Եկեք ՀՀ արտաքին քաղաքականության մասին դատենք ոչ թե խոսքերով, այլ գործերով: Մենք տեսնում ենք ավելի շատ բացթողնված հնարավորություններ, եւ ես շարունակում եմ մտածել, որ մենք մեր պաշտոնյաների նկատմամբ վստահության կարիք ունենք»:

Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ կողմերի միջեւ կա բանավոր պայմանավորվածություն` կապված ԼՂ խնդրի լուծման, կամ տարածքների հետ, որը համանախագահներին հույս է ներշնչում, Ռ. Կիրակոսյանը պատասխանեց. «Միակ բանավոր համաձայնությունը երկու կողմերի միջեւ, որն ակնհայտ է, դա այն է, որ նրանք համաձայնում են յուրաքանչյուր հանդիպման ժամանակ թե՞յ խմել, թե՞ սուրճ: Սա է միակ համաձայնությունը: Բոլոր դիվանագիտական քայլերն էլ իմիատացիա են, սակայն հանդիպման փաստն արդեն լավ է»: