Լոնդոնի հարավ-արեւելքում հրդեհվել է գրադարանի եւ թանգարանի շենքը: Հրշեջ ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայրում աշխատում է 15 հրշեջ հաշվարկ եւ մոտ 100 հրշեջներ: Այրվող գրադարանի շենքին են մոտենում նաեւ ոստիկանության ջոկատները: Հրդեհի պատճառները հայտնի չեն:
Շենքն արդեն մի քանի ժամ է բոցերի մեջ է եւ ողջ թաղամասը ծածկվել է թանձր ծխով: Կրակը հասել է շենքի վերին հարկերին, որտեղ գտնվում է պատմության թանգարանը, գրադարանն ու տեղի շրջանային խորհրդի ծառայությունների գրասենյակը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Շենքի տանիքը մասնակիորեն այրվել է: Կրակի՝ հարեւան շենքերի վրա տարածվելու նշաններ չկան: Թանգարանից տարհանել են 30 մարդու:
Հրշեջները ջանքեր են գործադրում, որպեսզի փրկեն հնարավորինս շատ էքսպոնատներ:











