Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը կառավարության նիստից վտարել է ընդդիմադիր ՈՒԴԱՌ կուսակցությունից պատգամավոր Սերգեյ Կապլինին: Վարչապետի ներածական խոսքից հետո պատգամավորը սկսել է ընդհատել ելույթ ունեցողներին: Դա վրդովեցրել է Ազարովին եւ նա հրահանգել է դուրս հանել ընդդիմադիր պատգամավորին:
«Դուք ձախողել եք Գերագույն Ռադայի աշխատանքը, իսկ այժմ փորձում եք ձախողել կառավարության աշխատանքը: Պահակներ, խնդրում եմ, ես իմ վրա եմ վերցնում պատասխանատվությունը, հանեք նրան դահլիճից»,- բղավել է Ազարովը:
Ազարովին հունից հանել է պատգամավորի փորձը` հարց տալ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավար Միխայիլ Բոլոտսկիխին: Կապլինը նաեւ մտադիր է եղել պահանջել մի քանի ղեկավարների հրաժարականը, որոնք պատասխանատու են «վատ եղանակի հետեւանքները չվերացնելու համար»:
Ազարովը նիստում նաեւ կոչ է արել պատրաստվել ջրհեղեղի, քանի որ մեծ քանակությամբ տեղացած ձյունը շուտով հալչելու է:











