Արշալույս գյուղում մեր տան հարեւանությամբ երկաթից շլագբաում կար դրված, որն իմ ձեռքով եմ քանդել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը (գեներալ Մանվել Գրիգորյանի որդին)՝ անդրադառնալով իրենց տան հարեւանությամբ քանդված  «Բեռլինի պատի» հետ կապված աղմուկին:

«Ես որ եկել եմ այդ տանն ապրելու, երկաթից շլագբաում կար դրված, որն իմ ձեռքով եմ քանդել: Նախ էդ թումբը, որ իբր քանդել են, իմ տան դիմաց չի, մի քիչ հեռու  է»,- ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ ինքը միշտ կողմ եղել, որ գյուղի ճանապարհները նորմալ, մարդավարի լինեն, քարուքանդ չլինեն:

Իսկ Արշալույսի բնակիչներ էլ դժգոհում էին, որ  նույն «դարուփոսերը», թմբերը, անխնամ վիճակը կար ողջ փողոցում: Հարեւանները պնդում էին, որ իրենց փողոցը մեքենա չի կարողանում մտնել, նույնիսկ թաղումների ժամանակ իրենք պրոբլեմներ են ունենում` հնարավոր չի լինում ցեխի միջով առաջ շարժվել: Գյուղապետ Զարզանդ Գրիգորյանից էլ դժգոհում էին, որ գյուղապետն իրենց հիշում է միայն ընտրությունների ժամանակ, երբ հարկ է լինում ձայն մուրալ, հետո էլ խաբում ու ոչինչ չի անում:

Փորձեցինք զրուցել նաեւ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանի եւ նրա պատգամավոր եղբայր Հրանտ Գրիգորյանի հետ (նրանք գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդիներն են-խմբ), սակայն նրանք անհասանելի էին:

Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, թե Էջմիածնի Արշալույս գյուղում շաբաթ օրը ցնծություն էր՝ քանդվում էր «Բեռլինի պատը»: Գյուղացիների ու իրավապահների բազմությունը բացում էր այն ճանապարհը, որը գեներալ Մանվելն ու իր որդին՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, տարիներ շարունակ փակել էին, որպեսզի իրենց տան մոտով երթեւեկություն չլինի: Ճանապարհի այդ հատվածում հողապատնեշ էին սարքել, որը խոչընդոտում էր երթեւեկությունը: Սակայն շաբաթ օրը գեներալի եղբորորդին՝ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը, «քաջություն ու կամք» դրսեւորեց՝ դուրս գալու հորեղբոր ընտանիքի դեմ: Հիշեցնենք, որ գյուղապետն ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանի եղբայրն է, եւ վերջիններս թշնամական հարաբերություններ ունեն հորեղբոր ընտանիքի հետ:Թե ինչպես ստացվեց, որ գեներալի արգելափակոցը համարձակվեցին փլուզել,  փորձել են ճշտել  գյուղապետ եւ պատգամավոր եղբայրներից: Պատգամավորը՝ Հրանտ Գրիգորյանը, խոստացել է 10 րոպեից զանգել ու հարցերին պատասխանել, սակայն հեռախոսն անջատել ու ողջ օրը դարձել է  անհասանելի: