Կառավարության շենքի մոտ այսօր` օգոստոսի 8-ին, բողոքի ակցիա են անցկացրել «Ներազգային ազատագրական շարժման» մասնակիցները, նրանց շարքում կային նաեւ ուսանողների ծնողներ, տատիկներ: Ակտիվիստների ձեռքին «Կասեցում», «Մի թալանեք մեր ընտանեկան բյուջեն», «Ոչ թալանին» գրությամբ պաստառներ կային (ֆոտոռեպորտաժ):

Նախաձեռնող խմբի ակտիվիստներից Վահան Մարտիրոսյանն ասաց, որ նախատեսում են եւս մեկ` ավելի մասշտաբային բողոքի ակցիա անցկացնել մինչեւ ամսվա վերջ, իսկ սեպտեմբերից էլ ուսման վարձը չվճարելու եւ դասադուլ անելու կոչ են անելու: Այսօր Կառավարության շենքի առաջ ակտիվիստները պատրաստվում էին ընթերցել նամակ, որով կոչ են անում կասեցնել ուսման վարձերի թանկացման որոշումը եւ ներկայացնում են պատճառաբանություններ: Ակտիվիստը, օրինակ, առաջարկում է` ԱԺ-ն ընդունի որոշում եւ բուհերին դարձնի ոչ խոշոր հարկատու, ինչը հնարավորություն կտա ուսման վարձը թողնել անփոփոխ: Նրանք պատրաստվում էին նամակը հանձնել Կառավարությանը:

Վահան Մարտիրոսյանը շեշտեց, որ ոչ մի կերպ չի հաջողվում հանդիպել Կրթության եւ գիտության փոխնախարարի հետ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը գտնվում է  արձակուրդում, իսկ նախարարությունից որեւէ մեկը ակտիվիստների հետ չի հանդիպում: Նա նաեւ տեղեկացրեց, որ իրենց շարժման անդամների վրա ճնշումներ կան: Այսօր ցուցարարների փոքրաթիվ լինելը, Վահան Մարտիրոսյանը, պայմանավորեց օգոստոս ամսով, երբ քաղաքացիների մեծ մասը մեկնել է հանգստի:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ցուցարարներից Մանյա Հայրապետյանը նշեց, որ թոռը բանակից նոր է զորացրվել, ցանկանում էր ընդունվել Ագրարային համալսարան, սակայն ուսման վարձերի թանկացման պատճառով չի դիմել, քանի որ այսպես թե այնպես ուսման վարձը չէին կարողանալու վճարել: «Երբ լսեցինք, որ ուսման վարձը թանկանում է, ուղղակի հետ կանգնեցինք»,- պատմեց կինը:

Կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի մասնակից տատիկներից մեկն էլ ասաց, որ երկու թոռները սովորում են ԲՈւՀ-երում: Նա շեշտեց, որ 80-200 հազար դրամով ուսման վարձերը բարձրացնելը, մեղմ ասած, սրիկայություն է եւ մարդկային չէ: «Երեկ Պոլիտեխնիկ ինստիտուտի ռեկտորի նկարը տեսա ու զարմացա էդ մարդու լայնքից, ինչքան ավել վարձավճար է պետք, որ էդ մարդը իր փորը լցրի, չէ՞ որ էդ ուսանողն էլ է ուզում ուտի»,- ասաց կինը:

Ակտիվիստները արդարացի չեն համարում ուսման վարձի բարձրացումը եւ Կառավարության կողմից հնչեցվող պատճառաբանությունները` ասելով, որ »սա թալան է պետական մակարդակով, ՀՀԿ-ն փորձում է հարվածել հայ քաղաքացու գրպանին»: Նրանք հույս ունեն, որ բողոքի ակցիաներով կհասնեն արդյունքի:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am