Վերաքննիչ քրեական դատարանում այսօր` օգոստոսի 9-ին շարունակվեց ՀԱԿ չորս ակտիվիստների գործով դատավարությունը: Դատարանի բակում ակտիվիստները հավաքվել էին ի պաշտպանություն Տիգրան Առաքելյանի: Նրանք, թեեւ կասկածում էին դատարանի անկախությանը, բայց բոլորը հույս ունեին, որ առաջիկայում Տիգրան Առաքելյանը ազատ կարձակվի:
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանը մեզ մոտ անկախ չէ, հետեւաբար դատարանի վճիռը չի կարող անկախ լինել: «Վերեւից կասեն, թե ինչ վճիռ կայացնեն», -ասաց Միքայել Դանելյանը: Հարցին, թե դատաքննության ընթացքն ինչ է ցույց տալիս, նա ասաց. «Դժվար հարց է, բայց եթե Վճռաբեկը ուղարկել է վերաքննիչ, ուրեմն ինչ որ բան որոշված է : Կարծում եմ՝ տղաների համար լավ որոշում կկայացնեն»,- ասաց Միքայել Դանելյանը:
Դատական նիստին Տիգրան Առաքելյանին ներկաները դիմավորեցին ծափահարություններով: Ի դեպ, Տիգրան Առաքելյանը դատարան էր եկել կարմիր վարդերով, որ այն նվիրի դատավոր Եվա Դարբինյանին: Եվա Դարբինյանը, նկատելով ծաղիկները, Տիգրան Առաքելյա,ին առաջարկեց, որ այդ ծաղիկները նվիրի գործով վկա, լրագրող Անի Գեւորգյանին:
Դատական նիստում այսօր լրացուցիչ վկայություն են տվել երեք անձինք:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը հրապարակել էր ՀԱԿ-ի ակտիվիստներ Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի եւ Արտակ Կարապետյանի գործով դատավճիռը: Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման, Արտակ Կարապետյանը` 3, Սարգիս Գեւորգյանը եւ Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման: Վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 13-ին անփոփոխ էր թողել դատավճիռը, եւ ՀԱԿ ակտիվիստների փաստաբանները բողոքարկել էին այն Վճռաբեկ դատարանում: Վճռաբեկն դատարանն էլ հետ է ուղարկել վերաքննիչ:
2011թ. օգոստոսի 9-ին Խնկո Ապոր գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի 7 ակտիվիստներ: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը կալանավորված էր մնացել: Ըստ ոստիկանության, գրադարանի մոտ միջադեպն սկսել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի հորդորել էին շանը ման տալ դնչկալով, մինչդեռ երիտասարդների պնդմամբ, միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետեւանքով:Նրանք նաեւ նշել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:








Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











